Մոսկվայի Օլիմպիական խաղերը, բոյկոտն ու թռչող արջուկը
2020 թվականին լրանում է Մոսկվայի ամառային Օլիմպիական խաղերի 40-ամյակը: Մասնակից 5180 մարզիկների թվում մեդալակիր են դարձել նաեւ Հայաստանի 7 ներկայացուցիչ:
Օլիմպիական խաղերի չեմպիոններ են դարձել ծանրորդ Յուրի Վարդանյանն ու մարմնամարզիկ Էդուարդ Ազարյանը, արծաթե մեդալակիրներ՝ ջրացատկորդ Սիրվարդ Էմիրզյանը, ծանրորդ Յուրի Սարգսյանն ու սուսերամարտիկ Աշոտ Կարագյանը, որը նաեւ բրոնզե մեդալ է նվաճել: ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի կազմում Խորեն Հովհաննիսյանն ու ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանն էլ բրոնզե մեդալներ են ստացել:
1980 թվականի օգոստոսի 20-ին հայ մարզիկներին ընդունել էր ՀՍՍՀ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը եւ շնորհակալություն հայտնել Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:
Մեդիամաքսը «Մոսկվա 80» հատուկ նախագծում պատմում է 22-րդ ամառային խաղերի հայ մեդալակիրների մասին: Ցավոք, ոչ բոլորն են ողջ, բայց մենք գտել ենք Ավստրալիայում, ԱՄՆ-ում ու Ռուսաստանում ապրող մեդալակիրներին եւ նրանց հետ վերհիշել 1980 թվականի սպորտային կարեւոր իրադարձությունը:
Բայց նախ ծանոթանանք օլիմպիական Մոսկվային ու այնտեղ տեղի ունեցած եռուզեռին:
Բրեժնեւի կասկածները
Ամառային Օլիմպիական խաղերը փոխեցին ոչ միայն Մոսկվայի, այլեւ ամբողջ ԽՍՀՄ-ի դեմքը: Երկիրը պատուհան բացեց դեպի աշխարհ եւ այլեւս այն փակել չկարողացավ: Կարծիք կա, որ «երկաթե վարագույրը» ինչ-որ չափով նաեւ Օլիմպիական խաղերի շնորհիվ ընկավ:
Խաղերն անցկացնելու իրավունք ԽՍՀՄ-ը ստացավ 1974 թվականին ՄՕԿ-ի ժողովի ժամանակ: Դրանից մեկ տարի անց ԽՍՀՄ-ում այդքան էլ ոգեւորված չէին խաղերն անցկացնելու գաղափարից: Այդ մասին է վկայում Լեոնիդ Բրեժնեւի նամակը Կոնստանտին Չեռնենկոյին, որը հրապարակվեց խաղերի անցկացումից տարիներ անց:
«Այնպես է ստացվել, որ որոշել ենք Օլիմպիական խաղեր անցկացնել: Այդ միջոցառումն անչափ շատ գումար է պահանջում: Կարծում եմ՝ պետք է վերանայել այդ հարցն ու հրաժարվել խաղերից, նման բան կարող ենք անել, եթե որոշակի տուգանք վճարենք: Գումարից բացի էլ կարող են տարատեսակ սկանդալներ առաջանալ, որոնք սեւ բիծ կթողնեն ԽՍՀՄ-ի վրա: Այդ հարցի վերաբերյալ ուզում եմ քո կարծիքն իմանալ»,- գրել էր Բրեժնեւը:
Սակայն ժամանակի ընթացքում խորհրդային ղեկավարները թողեցին Օլիմպիական խաղերից հրաժարվելու միտքը, եւ դրանք Մոսկվայում բացվեցին հուլիսի 19-ին ու շարունակվեցին մինչեւ օգոստոսի 3-ը: Դրանք առաջին Օլիմպիական խաղերն էին, որն ընդունեց Արեւելյան Եվրոպայի սոցիալիստական երկիրը:
Խաղերի անցկացման օրերը պատահական չէին ընտրված: Օդերեւութաբաններն ուսումնասիրել էին վերջին 100 տարվա ընթացքում եղանակային պայմանները Մոսկվայում եւ պարզել, որ հենց այդ ընթացքում է եղանակն ամենաբարենպաստը լինելու:
Բոյկոտն ու մասնակիցները
Թեեւ Բրեժնեւը վախենում էր սկանդալներից, բայց ԽՍՀՄ-ն ինքը դրանց հիանալի առիթ տվեց: 1979 թվականի դեկտեմբերին խորհրդային երկիրը զորք մտցրեց Աֆղանստան, ինչի արդյունքում 64 երկիր բոյկոտեց օլիմպիադան:
1980-ի հունվարին ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը հայտնեց խաղերից հրաժարվելու մասին եւ կոչ արեց մյուս երկրներին էլ հետեւել իրենց օրինակին: Թվում էր, որ նման քանակությամբ երկրների բացակայությունը խաղերը շատ թույլ ու անկարեւոր կդարձնեն:
Բայց ԽՍՀՄ-ին հաջողվեց իր կողմը գրավել ՄՕԿ-ի նորընտիր նախագահ Խուան Անտոնիո Սամարանչին: Նա մոսկովյան խաղերի մեկնարկից 3 օր առաջ էր ստանձնել պաշտոնն ու կարճ ժամանակում համոզեց Իսպանիային, Իտալիային, Մեծ Բրիտանիային ու մի քանի այլ երկրի թույլ տալ մարզիկներին մասնակցելու Օլիմպիական խաղերին: Բոյկոտած երկրներից որոշ մարզիկներ էլ ՄՕԿ-ի հովանու ներքո ու նրա դրոշով հանդես եկան Մոսկվայում:
Մոսկվայի պատրաստությունը
1979 թվականին արգելվեցին Մոսկվա անարգել մուտքն ու անհարկի տեղաշարժերը: Քաղաքից հեռացվեցին բոլոր անցանկալի մարդիկ՝ մարմնավաճառները, փող մուրացողները, հարբեցողները: Նրանց արգելվում էր քաղաքին 100 կմ-ից մոտ գալ, այդ ժամանակ էլ շրջանառության մեջ մտավ «101-րդ կմ» հասկացությունը:
Կառուցվեցին խոշոր մարզական կենտրոններ՝ «Օլիմպիականը», «Իզմայլովոն», «Կրիլատսկոյե» հեծանվահրապարակը, ձիասպորտի կենտրոնը, «Դրուժբա» մարզադահլիճը Լուժնիկիում, ԲԿՄԱ-ի ֆուտբոլային ու ատլետիկայի մարզադաշտերը եւ օլիմպիական ավանը:
Ամբողջովին վերափոխվեց քաղաքի մետրոն, ավելացան շարժասանդուղքներն ու էլեկտրոնային ժամացույցները: Մետրոյի վագոններում սկսեցին վառ լույսեր գործել, կայարաններն էլ հայտարարվում էին երկու լեզվով՝ ռուսերեն ու անգլերեն: Կառուցվեց «Կոսմոս» հյուրանոցը, որտեղ տեղակայվեցին բարձրաստիճան հյուրերը:
Ժամանակակից դարձավ «Շերեմետեւո» օդանավակայանն ու կարգի բերվեց «Օստանկինո» հեռուստաաշտարակը: Օլիմպիական բոլոր մրցելույթներն առաջին անգամ հեռարձակվեցին ուղիղ եթերով:
Նոր ապրանքներն ու «Ադիդաս»-ի մուտքը
Օլիմպիական խաղերի շնորհիվ ԽՍՀՄ մուտք գործեցին ու մնացին բազմաթիվ նոր ապրանքներ, որոնց խորհրդային մարդիկ բնավ ծանոթ չէին: Նրանք բացահայտեցին Կոկա-Կոլան, կետչուպը, մաստակը, մեկանգամյա օգտագործման սպասքն ու մարզակոշիկները:
Խորհրդային մարզիկների համար հագուստ պատրաստեց հայտնի «Ադիդասը», սակայն ԽՍՀՄ ղեկավարությունն արգելեց կապիտալիստական ընկերության լոգոն թողնել հագուստի վրա: Դրա համար էլ ավանդական 3 գույնի գծերի փոխարեն մնաց միայն կարմիրը: Մարզակոշիկների հարցում կողմերը համաձայնության եկան, 3 գիծը պահպանվեց, բայց ավելացավ Մ տառը՝ խորհրդանշելով Մոսկվայում կայացած խաղերը:
Ու թեեւ հագուստի վրա չէր նշվում «Ադիդասը», բայց այդ բրենդը Սովետական միությունում սկսեց մեծ տարածում ստանալ:
Նորաձեւությունը
Օլիմպիական տարին նորաձեւության նոր պոռթկում առաջացրեց Խորհրդային միությունում: Իհարկե, շատերն էին երազում ջինսե տաբատների մասին, բայց երբ տեսան արտասահմանցիների վելվետե տաբատները, սկսեցին միայն դրանցից կրել:
Խաղերի շնորհիվ կիրառության մեջ մտան սաֆարի զգեստներն ու նորաձեւ շապիկները:
Մոսկվայում սկսեցին արտադրվել «Մոսկվա-1980» գրությամբ պայուսակներ, որոնք տրամադրվել էին խաղերի կամավորներին: Աստիճանաբար ավելացան «Ադիդաս»-ի խաղակոշիկներ կրողները, իսկ երբ դրանք մաշվում էին, ներբաններն այլ կոշիկների վրա էին փակցնում, իսկ լոգոն՝ հագուստների:
Ուտելիքի դրախտը
Այդ տարիներին ԽՍՀՄ-ում մթերքի հետ կապված խնդիրներ կային, բայց խաղերի օրերին Մոսկվայի ու Լենինգրադի խանութներն ապրանքներով լցվեցին՝ ֆիննական ջեմեր, պանիրների տեսականի, հյութեր, գարեջուր, մայոնեզ: Համարյա ամենուր հնարավոր էր թղթե բաժակով Ֆանտա գնել 20 կոպեկով:
Մոսկվայի ոչ ալկոհոլային խմիչքների գործարանը սկսեց օլիմպիական խորհրդանիշով Կոկա-Կոլա արտադրել: Նման լիություն Սովետական միությունում չէր եղել:
Հայտնի արջուկը
1977 թվականին սովետական նկարիչներն առաջադրանք էին ստացել արջեր նկարել, ու ստացված 45 000 տարբերակից ընտրվեց Վիկտոր Չիժիկովինը: Նա պատմել է, որ արջուկին օլիմպիական օղակներով գոտի հագցնելու գաղափարը երազում է տեսել:
Նկարչի հետ պայմանագրում նշված էր, որ նրան պարզապես պատվիրել են «Զվարճալի արջուկ»: Չիժիկովին ընդամենը 250 ռուբլի են վճարել աշխատանքի համար: ԽՍՀՄ ղեկավարները հայտնել են, որ խաղերի խորհրդանշանն ամբողջ ժողովուրդն է ընտրել, այդ պատճառով էլ ժողովուրդն է հեղինակը:
Խաղերի բացման ու փակման արարողությունների համար պատրաստվել է 6 մետրանոց ռետինե արջ: Աշխատանքներն իրականացրել է Կենտրոնական Աերոհիդրոդինամիկայի ինստիտուտը: Ամենադժվարը եղել է արջի հավասարաչափ թռիչքն ապահովելը, որն անընդհատ թեքվում էր:
Փակման ժամանակ ստադիոնում արտասվող օլիմպիական արջուկի պատկերը խաղերի ամենահուզիչ պահերից մեկն է համարվում: 4000-ից ավելի զինվորներ գունավոր թղթերի միջոցով ապահովել են անհրաժեշտ պատկերն ու այնպես արել, որ արջն «արտասվի»:
Այն, որ արջերը չեն թռչում, ԽՍՀՄ-ում գիտեին, բայց կազմակերպիչներին խաղերի գեղեցիկ վերջաբան էր պետք, իսկ ստադիոնից պարզապես հեռացող խորհրդանիշը դա չէր կարող ապահովել: Երբ հաստատվեց թռչելու տարբերակը, վախ կար, որ այն կարող է օդում բախվել որեւէ ինքնաթիռի, եւ այդ ժամանակ ավիացիայի բարձրաստիճան գեներալներից մեկը խոստացավ Միշայի համար «օդային միջանցք» ապահովել:
Նա ստադիոնում հավաքված հազարավոր մարդկանց ձեռքով արեց ու օդ բարձրացավ գունավոր փուչիկների օգնությամբ:
Չեմպիոններն ու ռեկորդները
ՄՕԿ-ի կազմի մեջ մտնող 144 երկրից միայն 80-ը մասնակցեց խաղերին, 21 մարզաձեւում խաղարկվեց մեդալների 203 հավաքածու, ելույթ ունեցավ 5179 մարզիկ:
Ամենաերիտասարդը Հայաստանից 14-ամյա Սիրվարդ Էմիրզյանն էր, որը նաեւ մեդալակիր դարձավ: Իսկ ամենատարեց մարզիկը 71-ամյա բուլղարացի Կրասիմիր Կրիստեւն էր (առագաստային սպորտ):
24 մարզիկ Մոսկվայում կրկնակի ու եռակի Օլիմպիական չեմպիոններ հռչակվեցին: Հաղթանակների քանակով բացարձակ առաջատարը մարմնամարզիկ Ալեքսանդր Դիտյատինն էր: Նա մասնակցել է 8 մրցաձեւում ու բոլորում էլ մեդալակիր դարձել՝ նվաճելով 3 ոսկե, 4 արծաթե ու 1 բրոնզե մեդալ: Գերմանացի լողորդուհի Ինեսս Դիրսը եւս 8 մեդալ նվաճեց, որոնցից երկուսը ոսկի էին:
Մրցումները Մոսկվայից բացի կայացան ԽՍՀՄ այլ քաղաքներում եւս՝ Տալինում (առագաստանավային ռեգատա), Կիեւում, Լենինգրադում ու Մինսկում (ֆուտբոլային մրցումների խաղեր), Միտիշիում (գնդակային հրաձգություն):
Թիմային պայքարում առաջին տեղը գրավեց ԽՍՀՄ-ը, որի մարզիկները նվաճեցին 80 ոսկե, 69 արծաթե ու 46 բրոնզե մեդալներ: Նրանց հաջորդեց Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության թիմը (47, 37 ու 42), Բուլղարիան էլ եզրափակեց եռյակը (8, 16 ու 17):
Սահմանվեց 36 համաշխարհային ու 74 օլիմպիական ռեկորդ: 9 ռեկորդ, որից 5-ը Յուրի Վարդանյանինն էր, ԽՍՀՄ հավաքականի մարզիկները գրանցեցին: Վարդանյանը դարձավ առաջին միջին քաշային ծանրորդը, որը երկամարտում 400 կգ բարձրացրեց: Նա աշխարհի ռեկորդը գերազանցեց 10, իսկ օլիմպիականը՝ 35 կգ-ով:
Հեղինակ՝ Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ REUTERS, այլ աղբյուրներ
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսերներ՝ Արա Թադեւոսյան, Արամ Մակարյան