14-ամյա Սիրվարդ Էմիրզյանի օլիմպիական արծաթը
Սիրվարդ Էմիրզյանը 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ մասնակիցն էր: 1980-ի հուլիսի 5-ին նա դարձավ 14 տարեկան, իսկ 14 օր անց մեկնարկեցին 22-րդ ամառային խաղերը:
Էմիրզյանն իր տեղը ԽՍՀՄ օլիմպիական հավաքականում մեծ դժվարությամբ էր ապահովել, շատ զրկանքներ էր կրել, որ կարողանա մեծերին հավասար պայքար ծավալել:
1989 թվականից Էմիրզյանը բնակվում է ԱՄՆ-ում եւ այս տարիների ընթացքում իր առաջին հարցազրույցն է տվել Մեդիամաքսին:
Էմիրզյանի մասին սկսել են խոսել 1977 թվականին Հայաստանում կայացած Խորհրդային միության ջրացատկի առաջնությունից հետո: 11-ամյա մարզուհին մեծահասակների առաջին մրցաշարին է մասնակցել ու ամենաբարդ ծրագիրը կատարել:
«Կարծում եմ՝ հենց դրա շնորհիվ էլ աչքի ընկա, 5-րդ տեղը գրավեցի, թեեւ մարզչիս՝ Վասիլի Կուվշինկինի կարծիքով ամեն ինչ ձախողել էի, ու դա բնավ էլ մեծ հաջողություն չէր: Այնուհետեւ մասնակցեցի «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի կազմակերպած մրցաշարին ու պատանիների պայքարում առաջին տեղը գրավեցի: Իմ ու 2-րդ տեղը զբաղեցրած մարզուհու վաստակած միավորների տարբերությունը շատ մեծ էր: Դրանից հետո անմիջապես աչքի ընկա ու միանգամից ընդգրկվեցի մեծահասակների հավաքականում»:
Էմիրզյանը վստահ է մեկնարկել մեծերի թիմում ու Մինսկում կայացած «Գարնանային ծիծեռնակներ» միջազգային մրցաշարում հաղթող դարձել։ Աստիճանաբար հաջողություններն ավելացել են ու մեծացրել մարզուհու վստահությունը:
«Իմ ծրագրի բարդության ու կարգապահության համար մարզչիս եմ պարտական, նա շատ խիստ էր, պահանջներն էլ՝ անչափ բարձր: Որպես մասնագետ՝ Կուվշինկինը շատ բարձրակարգ էր, մեծ ուշադրություն էր դարձնում մանրուքներին: Նա ասես ծրագրավորում էր ինձ: Այն ժամանակ երեխա էի ու շատ բան չէի հասկանում, բայց տարիների խորքից հետ նայելով՝ տեսնում եմ, որ ասես ռոբոտ լինեի, վատ առումով չեմ ասում: Նա մանրակրկիտ աշխատում էր ինձ հետ, շատ հոգնեցուցիչ էր ու բարդ»:
Օլիմպիական թիմում ընդգրկելու համար հաշվի էին առնում մեկ տարվա ելույթներն ու արդյունքները: Պարտադիր մրցաշարեր կային, որոնցում անհրաժեշտ էր մասնակցել ու միավորներ վաստակել: Վերջին որոշիչ ստուգատեսը ԽՍՀՄ առաջնությունն էր:
«1978-80 թթ. իմ նվաճումները միշտ բարձր են եղել, հավաքականի առաջին համարներից էի: Խաղերից առաջ մարզիչները պետք է ընտրություն կատարեին երեք մարզուհիների միջեւ, ես նրանցից մեկն էի: Այդ նպատակով 3 մ մրցաձեւում ընտրական ցատկեր կազմակերպվեցին, այդ օրը 14-ամյակս էր լրանում: Ստուգողական մրցումներում առաջին տեղը չգրավեցի, բայց օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչն ինձ ասաց, որ ոչ մի րոպե չանհանգստանամ, քանի որ վերջինը լինելու դեպքում էլ թիմում իմ տեղն ապահովված է: Սակայն չեմ կարող պատմել, թե անձնական մարզիչն ինչ թափեց գլխիս՝ ծեծ, ջարդ, հայհոյանքներ, խայտառակություն»:
Չնայած այդ ամենին, Էմիրզյանը չի ընկճվել, նա սովոր էր մարզչի կողմից խիստ ու առանց խրախուսելու աշխատաոճին: Հասկանում էր, որ իր առաջին Օլիմպիական խաղերում ոչ միայն իր համար է պատասխանատու, այլ ամբողջ Հայաստանի:
«Ինձ համար երկակի պատասխանատվություն էր, որովհետեւ եթե հայ ես ու ԽՍՀՄ հավաքականում ես հայտնվել, ուրեմն շատ կայուն ես հանդես եկել: Եթե մի քիչ երերուն լինեիր, չէիր ընդգրկվի: Մեզ համար շատ ուրախալի էր, որ երկու հայ կար թիմում, ու երկուսս էլ մեդալ նվաճեցինք: Ես արծաթե մեդալակիր դարձա, իսկ Դավիթ Համբարձումյանը՝ բրոնզե: Մեր առաջ մեդալ նվաճելու պահանջը կրկնակի էր դրված՝ թիմի ու Հայաստանի կողմից»:
Խաղերին շատ լրջորեն էին պատրաստվում, վերջին հավաքներն էլ հենց Մոսկվայում էին, որտեղ դեռ խաղերի մեկնարկից առաջ տոնական տրամադրություն ու մեծ իրարանցում էր: Էմիրզյանը հիշում է, որ ժողովուրդը մեծ ջերմությամբ էր վերաբերվում մարզիկներին, սիրում էր նրանց ու օգնում ամենատարբեր հարցերում:
«Ամեն ինչ առանց հերթ էր, մարդիկ ամենատարբեր հարցերում ընդառաջում էին մեզ: Մարզիկների համար հասանելի էին բոլոր վայրերը՝ թատրոններ ու բալետ, Խազանովը, Միրոնովը եւ շատ ուրիշ հայտնիներ էին ելույթ ունենում հատուկ հավաքականի համար: Շատ հաճելի ժամանակ էր, ինձ լավ էի զգում: Դա օգնում էր խաղերից առաջ թեթեւ լինել, սթրեսի չենթարկվել, բացի այդ էլ, լավագույն բժիշկներն ու հոգեբաններն էին մեզ հետ աշխատում: Կազմակերպչական առումով ամեն ինչ շատ բարձր մակարդակի վրա էր, պայմանները հիանալի էին: Մնում էր հաջող մասնակցել ու ցույց տալ լավագույն որակները»:
Օլիմպիական խաղերի ջրացատկի մրցումներում ելույթ են ունեցել 23 երկրի 67 մարզիկ: Սիրվարդ Էմիրզյանը 10 մ աշտարակացատկի մրցումների որակավորման պայքարում հիանալի է հանդես եկել ու եզրափակիչ անցել առաջին տեղով: Սակայն որոշիչ ցատկերից մեկի ընթացքում թույլ տված սխալը ճակատագրական է եղել ու նրան զրկել ոսկե մեդալից: Հաղթողի կոչմանն արժանացել է ԳԴՀ-ից Մարտինա Եշկեն:
Եզրափակչի մրցումային լարված րոպեների մասին 40 տարի անց էլ Էմիրզանը շատ պարզ է հիշում:
«Երբ մտա լողավազան, անձնական մարզիչս մոտեցավ ինձ ու ձեռքն ուսիս դրեց: Միանգամից զգացի, որ հարբած է, էլ ալկոհոլի հոտը զգալու կարիք չունեի: Կուվշինկինի խրախուսական խոսքերն ինձ ելույթից առաջ սրանք էին՝ «Ես եմ քեզ ստեղծել, ես էլ քեզ կկործանեմ: Չիմանաս՝ դու առաջին տեղն ես գրավելու, քիթդ չցցես»: Իսկ մինչ այդ նա մրցումներից առաջ սովորաբար սիրում էր կրկնել՝ «Չիմանաս՝ դու ես հաղթել, իրենք են քեզ պարտվել»:
Չմոռանանք, որ ես ինչ-որ առումով ռոբոտային որակներ ունեի, դրա համար նման բաներն ու իմ շուրջը տեղի ունեցող իրադարձություններն այդքան էլ չէին կարող խանգարել ինձ: Ցավալի է, որ մեկ ճակատագրական սխալով կորցրի ոսկե մեդալը: 5-րդ ցատկիս ժամանակ ցածր միավորներ ստացա ու առաջին տեղը կորցրի»:
Էմիրզյանը պատմում է, որ ելույթից հետո ասես օդում լիներ՝ ոտքերը գետնից կտրված էին: Նրա հետ խոսում էին ու շնորհավորում, իսկ ինքը ոչինչ չէր հասկանում, միայն մեկ ցանկություն ուներ՝ գտնել տրիբունաներում նստած քրոջը, որի տեղը մարզիչը հատուկ չէր ասել չշեղվելու համար:
«Ամեն ինչն այնքան շատ էր ինձ համար՝ ցնծությունը, էմոցիաները: Գերհուզիչ պահ էր, ու շատ բան չէի գիտակցում: Բացի այդ էլ, նման մարզիչ ունենալով՝ իրավունք չունեի ուրախանալու: Եթե մի քիչ ժպտայի, կասեր․ «Կարո՞ղ եմ իմանալ ինչիդ վրա ես ուրախանում»: Չեմ էլ կարողացել զգալ մեդալի ուրախությունն ու վայելել այն: Միայն արտասվում էի, բոլոր թերթերը հետո գրեցին, թե ոսկե մեդալը կորցնելու համար էի այդպես հուզվել:
Խենթի պես տրիբունաներում քրոջս էի փնտրում, երբ վեր կացավ, վազելով փորձեցի հասնել նրան, մարդիկ ինձ գրկեցին ու օգնեցին բարձրանալ: Մեկ օր էր պետք, որ կատարվածը հասկանամ, ամբողջ գիշեր մրցումներն էի վերլուծում ու աննկարագրելի ափսոսանք ունեի, գիտեի՝ էլ ժամանակը չեմ կարող հետ բերել: Ինձ մնում էր պարզապես սխալս ընդունել»:
Հիմա, երբ շատ ժամանակ է անցել, խաղերի մասին խոսելիս Սիրվարդ Էմիրզյանը հպարտանում է իր արծաթե մեդալով: Ուրախ է, որ նման պատասխանատու մրցումներում ելույթ ունենալու հնարավորություն է ունեցել՝ այն էլ լինելով մասնակիցներից ամենակրտսերը:
«Բոլորի ուշադրության կենտրոնում էի: Հիմա, իհարկե, ավելի լավ եմ հասկանում կատարվածն ու շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ազդեցություն են ունեցել ու օգնել այդ ճանապարհին»:
Նա կարիերան ավարտել է 1985 թվականի ամռանը, թեեւ մտովի ջրացատկին հրաժեշտ է տվել 1984-ին, երբ ԽՍՀՄ-ը բոյկոտեց Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերը:
«Միանգամից կտրվելը դժվար էր, մեկ տարի էլ շարունակել եմ մարզվել ու նոր հեռացել: Ինձ համար սպորտն էլ նույնը չէր»:
Էմիրզյանի սպորտային կարիերան վառ էր, դժվար ու նվաճումներով լի: Նա խոստովանում է, որ այդ ամենի հետ մեկտեղ այն շատ սրընթաց է եղել ու արագ ավարտվել:
«Ասես աչքերս թարթեցի, ու ամեն ինչ ավարտվեց: Դժվարություններ շատ են եղել, բայց լավ եւ ուրախ հիշողություններ էլ են մնացել: Չեմ կարծում, որ հնարավոր է առանց զրկանքների հաջողություններ գրանցել: Միայն կանաչ ճանապարհով գնալիս շատ բաների չես հասնի, պետք է պատրաստ լինել անկումներ էլ ունենալ, որ հղկվես ու ուժեղանաս:
Օլիմպիական մեդալն իմ կարիերայի գագաթնակետն էր, բացառիկ արդյունք, բայց շատ կցանկանայի 18 կամ 22 տարեկանում էլ խաղերի մասնակցել ու ամեն ինչ մեծի պես ընկալել: Բայց կյանքն այդպիսն է, պետք է վերցնել այն, ինչ մեզ մատուցվում է»:
Հեղինակ՝ Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Ֆոտոլուր
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսերներ՝ Արա Թադեւոսյան, Արամ Մակարյան