Դավիթ Համբարձումյանի վնասվածքն ու բրոնզե մեդալը

Մոսկվայի Օլիմպիական խաղերում Հայաստանը ջրացատկ մարզաձեւում ներկայացնում էին Դավիթ Համբարձումյանն ու Սիրվարդ Էմիրզյանը: Երկուսն էլ մեդալներով վերադարձան Երեւան:

24-ամյա Դավիթի համար Մոսկվայի խաղերը երրորդն էին, երիտասարդ մարզիկն այստեղ համարվում էր վետերան: Նման կարեւորագույն մրցման առաջին անգամ մասնակցել էր Մյունխենում 1972 թվականին, երբ ընդամենը 16 տարեկան էր:




15 տարեկանում ընդգրկվել էր ԽՍՀՄ ջրացատկի հավաքականի կազմում ու պատրաստվել Օլիմպիական խաղերին: Հետագայում խոստովանել է, որ խաղերում 5-րդ տեղը գրավելուն իրեն խանգարել էր երիտասարդությունն ու անփորձությունը:

Չորս տարի անց Համբարձումյանն արդեն Մոնրեալում էր, սակայն ձեռքի վնասվածքի պատճառով չկարողացավ ցատկի վերջնամասը ճիշտ կատարել, չնայած բուն ցատկը հիանալի էր ստացվել:


Հաջորդ տարիներին հայ ջրացատկորդն անում էր ամեն ինչ, որպեսզի ԽՍՀՄ թիմի կազմում կրկին մասնակցի Օլիմպիական խաղերին: Նախընտրական փուլերից մեկից հետո նա այսպիսի խոստովանություն էր արել.

«Մոսկվայում մասնակցեցի Օլիմպիական խաղերի ԽՍՀՄ-ի ընտրական մրցումներին ու հաղթող դարձա: Հետո իմացա, որ ելույթիս հետեւել է նաեւ Հրանտ Շահինյանը: Նա ինձ գրկեց ու համբուրեց, ապա ասաց, որ իմ ավելորդ համեստությունը կարող է բացասաբար ազդել վրաս: Նա համոզված էր, որ ես մեր ազգին մեծ ծառայություն եմ մատուցում: Շահինյանի խոսքերն ինձ շատ օգնեցին ու ինչ-որ տեղ նաեւ վերափոխեցին»:




ԽՍՀՄ-ում ցույց տալով իր բարձր կարգը՝ Դավիթ Համբարձումյանը հավաքականի հետ սկսում է պատրաստվել խաղերին: Արդեն մեծ փորձ ունեցող ու «վերափոխված» Դավիթը հասկանում էր, որ եկել է պահը տիրանալու բոլոր մարզիկների կողմից այդքան ցանկալի օլիմպիական մեդալին:

Մոսկվայում ջրացատկի մրցաշարին քիչ թվով մարզիկներ էին մասնակցել, քանի որ արեւմտյան երկրների մեծ մասը բոյկոտել էին խաղերը:

Ջրացատկի մրցումներում խաղարկվեց մեդալների 4 հավաքածու՝ տղամարդկանց ու կանանց 3 մ ցատկահարթակի եւ 10 մ աշտարակացատկի: Համբարձումյանը հանդես էր գալու 10 մ աշտարակացատկում:

Հուլիսի 20-28-ը Մոսկվայի «Օլիմպիական» սպորտային համալիրի ջրային մարզաձեւերի համար նախատեսված տարածքում Համբարձումյանը պայքարում էր մեդալի համար:



5-րդ ցատկից հետո նա ընդամենը 3 միավոր էր զիջում ապագա չեմպիոնին: Սակայն այդ օրը Ֆալկ Հոֆմանը (ԳԴՀ) անգերազանցելի էր: Արդյունքում հայ մարզիկը նվաճեց օլիմպիական բրոնզե մեդալ՝ դառնալով միակ հայ ջրացատկորդը, որը տղամարդկանց պայքարում նման պարգեւի է արժանացել: 

 

 

«Պատասխանատվությունը մեծ էր: Նախորդ երկու անգամներն առանց մեդալի էի վերադարձել, իսկ հիմա մեդալակիր եմ: Օլիմպիադայից առաջ համարյա բոլոր մարզումներին ուսի կամ էլ ձեռքի վնասվածքներ էի ստանում: Այսօր էլ ցատկերը կատարում էի ուսագոտու վնասվածքով: Բայց այն, որ մեդալակիր դարձա, մի փոքր սփոփում է: Իհարկե, նպատակս ոսկին էր, բայց չստացվեց: Ցանկացած մրցման ժամանակ խնդիրը միայն հաղթելն է, սակայն երբեմն չի հաջողվում հոգեբանական լարվածությանը դիմանալ, որից էլ կորցնում ես ինքնատիրապետումդ»,- ելույթից հետո խոստովանել էր Համբարձումյանը:




Մոսկվայից հետո նա դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն՝ պատրաստվելով Լոս Անջելեսում կայանալիք հաջորդ Օլիմպիական խաղերին: Սակայն ԽՍՀՄ-ը բոյկոտում է դրանք, ինչը չափազանց ծանր են տանում մարզիկները, այդ թվում՝ Դավիթ Համբարձումյանը: Դրանից հետո որոշում է ավարտել կարիերան:

Համբարձումյանը 31 տարեկանում դառնում է Հայաստանի սպորտկոմիտեի նախագահի օգնական եւ սկսում զարգացնել ջրային մարզաձեւերը: Ցավոք, նրա նպատակները մնում են անկատար, կյանքից հեռանում է 1992 թվականին՝ 35 տարեկանում:


Հեղինակ՝ Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Ֆոտոլուր
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսերներ՝ Արա Թադեւոսյան, Արամ Մակարյան

 

«Մոսկվա 1980»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը Գալաքսի ընկերությունների խումբն է: