Էդուարդ Ազարյանի ոսկե մեդալն ու շամպայնի գավաթը
Ազարյան ազգանունը կարեւոր տեղ է զբաղեցնում հայկական սպորտում: Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի որդին գնացել է հոր ուղով ու ընտրել նույն մարզաձեւը:
Մեդիամաքսը զրուցել է ԱՄՆ-ում բնակվող Էդուարդ Ազարյանի հետ:
«2-3 տարեկան էի, երբ հայրիկը սկսեց ղեկավարել մարմնամարզության դպրոցը: Նա ինձ տանում էր դահլիճ, ու այդ տարիքից էլ սկսեցի առաջին քայլերս: 7 տարեկան էի, երբ զգացի, որ սիրահարվել եմ մարմնամարզությանը, ցանկանում էի խորանալ դրա մեջ: Խոստովանում եմ, որ ինձ գրավում էր ամուր կառուցվածք ունենալու միտքը: Հայրս մարմնով շատ հզոր ու պինդ էր, իսկ ես ցանկանում էի նրան նմանվել: Հենց դա էլ մոտիվացնում էր ինձ»:
Պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու ճանապարհը հեշտ չէր՝ անդադար աշխատանք, անհաջողություններ, վնասվածքներ, սակայն նրան ոչինչ չի կանգնեցրել շարժվել դեպի երազանքը՝ օլիմպիական չեմպիոնություն:
«Անձնական մարզիչս Վարդգես Առաքելյանն էր: Հայրս պարզապես խորհուրդներ էր տալիս: Եթե նա մարզեր, ապա միայն երես կտար ինձ, որովհետեւ երբ մի տեղս ցավում էր, ուղարկում էր հանգստանալու, իսկ մարզիչս, ընդհակառակը, կրկին աշխատելու ցուցում էր տալիս»:
Ազարյանի համար ամեն ինչ փոխվում է 16 տարեկանում, երբ դառնում է դպրոցականների սպարտակիադայի հաղթող: Ընդգրկվում է ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում ու սկսում ճանապարհ հարթել դեպի միջազգային ասպարեզ:
«Սա նշանակում էր կանաչ ճանապարհ դեպի իմ երազանքները: Պատրաստ էի կռիվ տալուն»:
1978-ին նա հրավիրվում է ԽՍՀՄ մեծահասակների թիմ ու նույն թվականին Աշխարհի գավաթում դառնում բազմամարտի բրոնզե մեդալակիր եւ Աշխարհի առաջնության թիմային արծաթե մեդալակիր։ Հաջորդ տարի Ազարյանը Տոկիոյի Աշխարհի գավաթի զուգափայտում նվաճում է ոսկե մեդալ, իսկ բազմամարտում՝ արծաթե:
«Սուտ կլինի ասել, որ սպասում էի օլիմպիական հավաքականում ընդգրկվելուն: Պարզապես քրտնաջան աշխատանքի միջոցով փորձում էի ամեն ինչ անել, որ մարզիչները վստահեն ինձ ու ներգրավվեմ վերջնական հայտում: ԽՍՀՄ-ում տարին երկու անգամ մարմնամարզության փորձամրցումներ էին լինում, 1-6-րդ տեղերը գրավողները դառնում էին թիմի անդամ ու սկսում մարզվել: Այդ ընթացքում ես 1-2-րդ տեղերում էի, իսկ 1979-ին ժողովրդական սպարտակիադայում Դիտյատինի հետ կիսեցի 1-ին տեղը: Քանի որ միջազգային մրցաշարերում լավ էի հանդես եկել, ենթադրեցի, որ խաղերին մասնակցելու մեծ շանսեր ունեմ»:
Ազարյանը պատմում է, որ ծանրաբեռնված մարզումները շարունակել են մինչեւ վերջ. ոչ ոք չի իմացել, թե իրենցից որ մեկն է մասնակցելու ՕԽ-ին: Վերջին հավաքն արել են հենց Մոսկվայի «Լուժնիկի» մարզական համալիրում: Մեկնարկից ընդամենը մեկ շաբաթ առաջ գլխավոր մարզիչ Լեոնիդ Արկաեւը ժողովի ժամանակ հայտարարել է վերջնական կազմը: Նման գործելաոճն ընդունված է եղել շատ հավաքականներում, որպեսզի մարզիկները հանկարծ չթուլանան, այլ պայքարեն մինչեւ վերջ ու ապացուցեն, որ հենց իրենք են արժանի տեղ գտնել թիմում:
«Երբ կարդացին իմ անունը, անկեղծ ասած, շատ չոգեւորվեցի: Զգացի, որ մեծ պատասխանատվություն ավելացավ: Մտքիս մեջ ինքս ինձ ասացի. «Օհօ, հիմա ամեն ինչ ավելի իրական է, տես հանկարծ չձախողվես, Էդիկ ջան, այսպիսի բան կյանքում միշտ չի պատահում»: Գիտեի, որ հայրիկս, երկիրս, ամբողջ ազգն է սպասելու, դրա համար լարվածություն զգացի, որը նաեւ հաճելի էր: Հետո խոսեցի հայրիկի հետ, բազմաթիվ հեռագրեր ստացա, ընկերներս զանգեցին, շնորհավորեցին ու ասացին, որ մոմ են վառում ու աղոթում ինձ համար: Շատ ոգեւորող էր այս ամենը: Հասկացա, որ Օլիմպիական խաղերին ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստ եմ»:
Ըստ Ազարյանի՝ Լեոնիդ Արկաեւի հետ աշխատելը հեշտ չի եղել, քանի որ չոր ու խիստ էր, բայց միեւնույն ժամանակ ընկերական, երբ լավ արդյունք էին գրանցում: Իսկ ահա թիմակիցների հետ շատ լավ ընկերներ են եղել, օգնել ու ոգեւորել են միմյանց, մտածել թիմի, հետո նոր միայն անհատական մրցումների մասին: Հենց այդ հզոր թիմային ոգու շնորհիվ էլ կարողացել են չեմպիոններ դառնալ:
Օլիմպիական խաղերում մարմնամարզության մրցումները տեղի են ունեցել 1980 թվականի հուլիսի 20-25-ը:
«Մտանք դահլիճ, մեր անունները բարձրախոսով կարդում էին, իսկ ես լսում էի հայերի ձայները: Խաղերը Մոսկվայում էին, բայց դահլիճի կեսը մեր հայրենակիցներն էին, անունս էին գոռում, շատ ոգեւորիչ էր: Բայց երբ մրցումները մեկնարկեցին, ամեն ինչ փոխվեց: Գործիքին մոտենալիս միայն անելիքիս մասին էի մտածում, կարծես կոճակի սեղմեի ու անջատեի ուղեղս՝ ոչինչ չէի լսում ու չէի տեսնում: Ավարտելուց հետո կրկին վերադառնում էի: Ու այդպես բոլոր 6 գործիքի վրա: Տարիներ շարունակ մեզ պատրաստել էին դրան, ու կարողանում էինք մեզ կառավարել»:
Մարմնամարզության թիմի անդամների միակ նպատակը չեմպիոն դառնալն է եղել, իսկ Ազարյանի համար ավելի մեծ էր ցանկությունը լավագույնս դրսեւորվելու իր հոր, Հայաստանի ու Մոսկվա ժամանած բազմաթիվ հարազատների համար:
«Հայրս միջազգային կարգի մրցավար էր ու Մոսկվայում դատում էր օղակների վրա վարժությունը: Օղակների վրա փայլուն հանդես եկա, բայց վայրէջք կատարելու ժամանակ մի փոքր քայլ կատարեցի: Դա նրա սրտով չէր, թարս-թարս նայեց, ձեռքին գրիչ ուներ, թափ տվեց վրաս, իբր թե՝ ի՞նչ արեցիր, այ տղա: Հարսնացուս էր եկել, իմ սերնդի մարմնամարզիկներ Ռուդիկ Ազիզբեկյանը, Գառնիկ Սարոյանը, դասընկերներս, ինստիտուտի ընկերներս: Ելույթիս հետեւում էին նաեւ խաղերում հանդես եկող մեր մարզիկներից Դավիթ Համբարձումյանը, Յուրի Վարդանյանը, Սամսոն Խաչատրյանը»:
ԽՍՀՄ հավաքականը Լեոնիդ Արկաեւի գլխավորությամբ վաստակում է թիմային 589,6 միավոր եւ հռչակվում օլիմպիական չեմպիոն: Թիմի կազմում էին Նիկոլայ Ադրիանովը, Էդուարդ Ազարյանը, Ալեքսանդր Դիտյատինը, Բոգդան Մակուցը, Վլադիմիր Մարկելովը եւ Ալեքսանդր Տկաչովը: Երկրորդ տեղը գրավում է ԳԴՀ-ն, իսկ երրորդ՝ Հունգարիան:
«Չեմպիոն դառնալուց հետո մեծ բավարարվածություն եւ ուրախություն էի զգում, 15 տարի չարչարվելուց հետո վերջապես հասել էի նպատակիս: Առաջինը հայրս շնորհավորեց, հետո անձնական մարզիչս, ով նույնպես դահլիճ էր իջել: Երեկոյան Արկաեւը ռեստորանում հյուրասիրություն էր կազմակերպել, ԽՍՀՄ դրոշը բերեցին, մեծ գավաթի մեջ շամպայն լցրին, եւ տղաներով մեդալները թաթախեցինք դրա մեջ, ապա հրավառություն եղավ: Անմոռանալի օր էր»:
Ելույթն ավարտելուց հետո Ազարյանը վերադառնում է Երեւան եւ հայ մարզիկների ելույթներին ու նաեւ խաղերի փակման արարողությանը հետեւում հեռուստացույցով: Իսկ երբ Հայաստան են ժամանում բոլոր մարզիկները, նրանց հետ հանդիպում է Կարեն Դեմիրճյանը:
«Չեմպիոն դառնալուց հետո իմ մեջ ոչինչ չփոխվեց: Մի փոքր հանգստացա ու հասկացա, որ հարկավոր է շարունակել, քանի որ դեռ անելիքներ ունեի մարմնամարզության մեջ: Նույն տարին Կանադայում անցկացվող Աշխարհի գավաթում 2-րդ տեղը գրավեցի: Հետո վնասվածք ստացա, որն ավելի լրջացավ ու որոշեցի ավարտել կարիերաս՝ անցնելով մարզչական աշխատանքի»:
1992-ին Էդուարդ Ազարյանն ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ: Որոշ ժամանակ անց Կալիֆոռնիայում հիմնել են «Ազարյան» մարմնամարզության կենտրոնը: Այսօր այնտեղ սովորում է մոտ 900 երեխա: Ազարյանը երկար տարիներ եղել է տղաների մարզիչներից մեկը, սակայն հիմա միայն ղեկավարում է կառույցը: Կինն ու աղջիկը եւս ներգրավված են այս գործում: Ամեն տարի լինում են Հայաստանում:
«Հիմա, որ հետ եմ նայում, այն ժամանակները շատ եմ կարոտում: Մտածում եմ՝ երանի 40 տարի առաջ լիներ, բայց այսօրվա խելքն ունենայի, վայելեի, հասկանայի ամեն ինչ: Ջահել էի, չէի հասկանում, թե ինչ հաջողության եմ հասել, ինչ է կատարվում: Մտածում էի՝ այդպես էլ պետք է լիներ, բայց հիմա հասկանում եմ, որ մի մեծ հաջողություն էր դա: Դժվար է շատ բան բացատրել, 40 տարի է անցել՝ մի ահռելի ժամանակ: Այս ամբողջ ընթացքում խոսում էի ու հասկանում, թե ներսս ինչքան բան խառնվեց, ինչքան հաճելի պահեր ապրեցի: Շատ շնորհակալ եմ»:
Հեղինակ՝ Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Ֆոտոլուր
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսերներ՝ Արա Թադեւոսյան, Արամ Մակարյան