Աշոտ Կարագյանի երկու օլիմպիական մեդալը
Հայաստանի սուսերամարտի պատմության մեջ բացառիկ նվաճման է հասել Աշոտ Կարագյանը, որը ԽՍՀՄ հավաքականի կազմում 1980 թվականի Օլիմպիական խաղերում դարձել է արծաթե եւ բրոնզե մեդալակիր:
Աշոտ Կարագյանը Մոսկվայում մարզիչ է աշխատում: Նրա հետ զրուցել չստացվեց՝ զբաղվածության պատճառով, բայց Աշոտի հաջողությունները Մեդիամաքսի համար վերհիշեց նրա քույրը՝ Մարիետա Կարագյանը:
Աշոտ Կարագյանը մարզական ճանապարհը սկսել է 1963 թվականին՝ հաճախելով Երեւանի հնգամարտի մանկապատանեկան դպրոցը:
«Իգոր Նովիկովի դպրոցը նոր էր բացվել, ու ռադիոյով հայտարարություն եղավ, թե երեխաներ են ընդունում: Մայրիկս որոշեց Աշոտին տանել այնտեղ: Մեր ընտանիքը շատ մարզական էր. մեծ եղբայրս մարմնամարզությամբ էր զբաղվում, ես՝ լողով, հետո փոխեցի սուսերամարտի: Աշոտին հնգամարտի բոլոր ձեւերն էլ դուր էին գալիս, բայց հատկապես հաջող էր ստացվում սուսերամարտը, ու նա որոշեց ամբողջովին նվիրվել այդ մարզաձեւին»:
Վեց տարի հնգամարտով պարապելուց հետո Կարագյանը կենտրոնացել է միայն սուսերամարտի վրա եւ ընդգրկվել պատանեկան հավաքականի կազմում: Դառնալով պատանիների Աշխարհի հաղթող՝ նա աստիճանաբար ամրապնդվել է ԽՍՀՄ թիմի կազմում: 1973-ին դարձել է մեծահասակների ընտրանու անդամ, որից հետո էլ հաջողություններ է գրանցել Աշխարհի առաջնությունում:
1979-ին ԱԱ-ում չեմպիոն հռչակվելուց հետո մարզիչներն ավելի շատ են վստահում Կարագյանին: Նա սկսում է պատրաստվել 22-րդ Օլիմպիական խաղերին:
Կարագյանը եղել է խոցասուսերակիր եւ մինչ այդ իր բոլոր հաջողությունները գրանցել է հենց այդ ձեւում: Չնայած սրան, ԽՍՀՄ թիմի վերջնական հայտը ներկայացնելիս մարզիչները նրան խոցասուսերից բացի որպես պահեստային ներառում են նաեւ ճկասուսերի թիմային պայքարում:
«ԽՍՀՄ-ի հավաքականում ընդգրկվելու համար պայքարը շատ թեժ էր: Բազմաթիվ մարզիկներ կային, ովքեր ուժեղ էին ու ձգտում էին մասնակցել Օլիմպիական խաղերին: Բայց Աշոտն իսկական մարտիկ էր, կամային, ֆիզիկապես ու հոգեպես շատ ուժեղ, մինչեւ վերջ պայքարեց ու հասավ հաջողության»:
Լրագրող Տատյանա Կոլչանովան եղել է Մոսկվայի Օլիմպիական խաղերը լուսաբանող լրագրողներից մեկը: Նա աշխատել է սուսերամարտի մրցումներում:
«Մոսկվայում կայացած խաղերն իսկական փորձություն էին ԽՍՀՄ-ը ներկայացնող բոլոր մարզիկների համար: ՕԽ-ից առաջ կազմակերպվում էին հանդիպումներ աշխատավորների, կոլտնտեսության ներկայացուցիչների հետ, որտեղ մարզիկները վստահեցնում էին, որ արդարացնելու են բոլորի սպասելիքներն ու ամենաուժեղն են լինելու: Կոմսոմոլի կենտրոնական կոմիտեներում կուսակցության անդամները սուսերամարտիկներին բացատրել էին, թե նրանք հանուն ինչի պետք է միայն հաղթանակներ տանեն»,- տարիներ անց գրել է Կոլչանովան:
1980 թվականի հուլիսի 22-31-ը ԲԿՄԱ-ի մարզահամալիրում կայացել են Օլիմպիական խաղերի սուսերամարտի մրցումները: Ամենահաջողը մասնակցել են ֆրանսիացի սուսերամարտիկները, որոնք բոյկոտի պատճառով խաղերում ելույթ էին ունենում ՄՕԿ-ի դրոշի ներքո: Նրանց հաջորդել են ԽՍՀՄ մարզիկները:
Կարագյանի քույրը փաստում է, որ նա հանդես էր գալու խոցասուսերի թիմային ու անհատական մրցումներում: Սակայն ճկասուսերի թիմային պայքարում կարող էր պատահել Օլիմպիական խաղերի ամենադժբախտ դեպքը: Սովետական տարիներին արգելվել է դրա մասին գրել, իմացել են միայն նրանք, ովքեր ներկա են եղել ԽՍՀՄ-Լեհաստան թիմային դիմակայությանը:
«Վլադիմիր Լապիցկին մոտ տարածությունից մենամարտի ժամանակ բախվեց մրցակցի հետ ու վայր ընկավ: Մրցակցի սուսերը պատահաբար խոցեց նրա կուրծքը՝ սրտին շատ մոտ: Տրիբունաներում սկսված անհանգստության մեջ ամենաբարձրը լսվեց Լապիցկու կնոջ ճիչը: Մարզիկին շտապ տեղափոխեցին հիվանդանոց, իսկ հանդիպումը նրա փոխարեն ավարտեց Կարագյանը: ԽՍՀՄ-ի սուսերամարտիկներին հաջողվեց հաղթանակ տանել»,- կրկին հիշել է Կոլչանովան:
Կարագյանը հանդես է եկել նաեւ եզրափակչում, ֆրանսիացիների դեմ, որտեղ նրանց ընդամենը մի քանի դիպուկ հարված չի բավարարել չեմպիոն հռչակվելու համար: Վլադիմիր Սմիրնովը, Ալեքսանդր Ռոմանկովը, Սաբիրժան Ռուզիեւը, Աշոտ Կարագյանը եւ Վլադիմիր Լապիցկին նվաճել են Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ:
Եզրափակչից հետո չեմպիոն Ֆրանսիայի թիմն այցելել է հիվանդանոց ու նվաճած ոսկե մեդալներից մեկը նվիրել ապաքինվող Լապիցկուն:
Կարագյանը չի կարողացել ելույթ ունենալ անհատական մրցման ժամանակ, բայց փոխարենը մեդալակիր է դարձել նաեւ խոցասուսերի թիմային պայքարում:
Այդ ձեւում 29-ամյա Աշոտ Կարագյանը Բորիս Լուկոմսկու, Ալեքսանդր Աբուշախմետովի, Ալեքսանդր Մոժաեւի եւ Վլադիմիր Սմիրնովի հետ նվաճում է բրոնզե մեդալ: ԽՍՀՄ սուսերամարտիկներն իրենցից առաջ են թողնում Ֆրանսիայի եւ Լեհաստանի թիմերին:
«Օլիմպիական խաղերի ժամանակ հեռարձակում կար, արդյունքները պարբերաբար հայտարարում էին: Ընտանիքով հետեւում էինք Աշոտին ու անսահման երջանիկ էինք, երբ երկու անգամ մեդալակիր դարձավ: Աննկարագրելի էր մեր ուրախությունը, ամեն ինչ հիանալի էր»:
Երեւանի օդանավակայանում Կարագյանին դիմավորել են մարզիչներն ու սպորտկոմիտեի աշխատակիցները: Ուրախությունը հարազատների հետ նա լիաթոք կիսում է մի քանի օր անց, երբ բոլորը հավաքվել էին մասնակցելու քրոջ հարսանիքին:
Աշոտ Կարագյանը 1981-ին երկրորդ անգամ դառնում է Աշխարհի չեմպիոն, ապա որոշում ավարտել կարիերան ու անցնել մարզչական աշխատանքի:
1995-2001-ին որպես մարզիչ աշխատել է Նորվեգիայում: Այժմ բնակվում է Մոսկվայում, իսկ 2012-ից քաղաքի երիտասարդական թիմի մարզիչն է:
Հեղինակ՝ Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Մարիետա Կարագյանի արխիվից, այլ աղբյուրներից
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսերներ՝ Արա Թադեւոսյան, Արամ Մակարյան