Մոսկվայի խաղերի գլխավոր հերոս Յուրի Վարդանյանը

Յուրի Վարդանյանը ոչ միայն ԽՍՀՄ հավաքականի, այլեւ 1980 թվականի Օլիմպիական խաղերի ամենավառ ու ուժեղ մարզիկներից մեկը դարձավ:

Մոսկվայում Օլիմպիական խաղերն առաջին անգամ էին կայանալու, եւ սովետական մարզիկների վրա պատասխանատվությունն էլ ավելի մեծ էր. նրանք պետք է անպայման մեդալ նվաճեին:

Վարդանյանը պատրաստ էր տարվա կարեւոր մրցաշարին, մինչ այդ նա արդեն Եվրոպայի չեմպիոն էր դարձել ու փորձելու էր նոր գագաթ նվաճել: Ամբողջ Հայաստանից ոգեւորող ու հաջողություն մաղթող հեռագրեր էր ստացել ու մտադիր էր իր հայրենակիցներին հպարտանալու առիթ տալ:





Տարին Վարդանյանի համար այդքան էլ հեշտ չէր եղել։ Օլիմպիական խաղերին նախորդող ամիսներին ոտքի վնասվածք էր ստացել ու վիրահատվել: Բայց Վարդանյանը հանձնվող մարզիկներից չէր, մանավանդ որ չեմպիոն դառնալու երազանք ուներ:

Նա լավ վերականգնվել ու նախապատրաստվել էր Օլիմպիական խաղերին: Ծաղկաձորում կայացած հավաքներից մեկի ժամանակ ատլետիկայի մրցումներում էր անգամ ուժերը փորձել՝ տեղից 3 մետր 65 սմ ցատկելով:

Վարդանյանը երկրի լավագույն արագավազորդներին էր գերազանցում 30 մետր վազքում, 100 մետրը 11 վայրկյանից էլ քիչ ժամանակում էր հաղթահարում, իսկ բարձրացատկում՝ 212 սմ արդյունք գրանցում:



Մասնագետներն այդ ցուցանիշները Վարդանյանի ֆենոմենալ տվյալներով էին բացատրում: Ժամանակն էր, որ նա իր խոսքն ասեր նաեւ Մոսկվայում:

Մինչ այդ Վարդանյանն Օլիմպիական խաղերը միայն հեռուստացույցով էր տեսել, ընտանիքի անդամների հետ հետեւել էր Մեխիկոյի, Մյունխենի ու Մոնրեալի խաղերին: Կանադայում ինքն էլ մասնակցելու մեծ ցանկություն ուներ, սակայն նրան ԽՍՀՄ թիմում չընդգրկեցին՝ պատճառաբանելով, որ դեռ երիտասարդ ու անփորձ է:



Բայց 1980-ի հուլիսի 26-ին իր քրոջ՝ Ոսկիի ծննդյան օրը Յուրի Վարդանյանը ելույթ ունեցավ օլիմպիական Մոսկվայում: Հետո կատակով պետք է ասեր, որ Ոսկու տարեդարձը ոսկով շնորհավորեց:

Վարդանյանն այնպես էր արել, որ մարզավիճակի գագաթնակետին լինի մրցումների ժամանակ:



22-րդ խաղերի երկրպագուներն ականատես դարձան երկու ուժեղագույն ծանրորդների՝ Յուրի Վարդանյանի ու Բլագոյ Բլագոեւի նոր դիմակայությանը: Ոխերիմ մրցակիցները հանդիպել էին նաեւ 1979-ին Սալոնիկում կայացած Աշխարհի առաջնությունում, որտեղ չեմպիոն էր հռչակվել հայ ծանրորդը: Հենց այդ հաղթանակի շնորհիվ էլ նա ընդգրկվել էր ԽՍՀՄ օլիմպիական թիմում:

Այս անգամ նրանց պայքարով լի ու վառ հանդիպումը կայացավ «Իզմայլովո» սպորտային համալիրում:

Վարդանյանը երկրորդ անգամ իր սպորտային կարիերայի ընթացքում 5 ռեկորդ սահմանեց մեկ երեկոյի ընթացքում: Երկամարտում նա 400 կգ հավաքեց՝ 10 կգ-ով գերազանցելով համաշխարհային ռեկորդն ու 35-ով՝ օլիմպիականը:



Ամեն ինչ սկսվեց մարզիկների կշռման արարողությունից, բուլղարացին 81,6 կգ էր, Վարդանյանը՝ 100 գրամ ծանր:

Երբ ավարտվեց 3-րդ տեղի համար պայքարը, հարթակ դուրս եկան ուժեղները: Երկուսն էլ ելույթը սկսեցին 165 կգ-ից, ինչը նախորդ օլիմպիական ռեկորդից 2,5 կգ-ով ավելի էր: Քաշը երկու ծանրորդին էլ հեշտությամբ տրվեց, երկրորդի ժամանակ Բլագոեւը պոկեց 170 կգ, իսկ Վարդանյանը՝ 172,5: Դահլիճը քարացած էր հետեւում այդ անզիջում պայքարին, մարզիկներն իրենք էլ չգիտեին՝ ինչի են ընդունակ:

Բլագոեւի երրորդ հաջող փորձը գրանցեց 175 կգ, նրան մնում էր սպասել Վարդանյանի քայլին: Վարդանյանը պատվիրեց 177,5 կգ, կենտրոնացած մոտեցավ քաշին ու գլխավերեւում պահեց: Դա միջին քաշային կարգում առաջին համաշխարհային ռեկորդն էր:



Հրումում Բլագոեւն արդեն հոգեբանորեն սկսեց զիջել մրցակցին, նրա առաջին մոտեցումները 192,5 ու 197,5 կգ էին: Վարդանյանը բարձրացրեց 205 կգ-ն ու 215,5 պատվիրեց: Դա նրան թույլ կտար եւս 2 ռեկորդ սահմանել հրումում ու երկամարտում: Ու երբ նա քաշն իրեն ենթարկեց, Բլագոեւը հրաժարվեց պայքարից՝ չօգտագործելով 3-րդ մոտեցումը․ ամեն ինչ արդեն պարզից էլ պարզ էր, հաղթողը որոշված էր: Յուրի Վարդանյանն այսպես էր հիշում այդ օրը.

«Ես նայեցի ծանրաձողին: Լսում էի մարդկանց ձայները, բայց նրանց չէի տեսնում: Զգում էի բոլոր մկաններս: Ծանրաձողը հարթակից անձայն պոկեցի, այդ լարվածությունն ինձ ծանոթ էր, զգացի ծանրությունը: Աստիճանաբար ծանրաձողը սկսեց ենթարկվել ինձ: Իսկ հետո հասկացա, որ հաղթանակն իմն է»:

Ականատեսների վկայությամբ՝ այդ երեկո նա իսկապես անկասելի էր: Վարդանյանի հաջորդ քաշը 222,5 կգ-ն էր: Նրա ներկայացմանն այդ երեկո 5000 երջանիկ երկրպագուներ էին հետեւում. շոուն անմոռանալի էր: Նա դարձավ առաջին մարզիկը, ով երկամարտում 400 կգ-ի սահմանն անցավ:

 

 

«1980 թվականի Օլիմպիական խաղերում ոչ միայն հաղթեցի, կարող էի միանգամից 3 քաշային կարգերում չեմպիոն հռչակվել, եթե թույլատրվեր մասնակցել: Պատկերացնո՞ւմ եք՝ միանգամից 3 ոսկե մեդալ»:

Պատահական չէ, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոտֆրիդ Շյոդլը Վարդանյանի օլիմպիական նվաճումը համարեց համաշխարհային ռեկորդների ապարանջանի ամենաթանկ ադամանդը: Նա ոգեւորված լրագրողներին ասաց.

«Բոլորս էլ ցնցված ենք Վարդանյանի ռեկորդներով, չէինք կարող պատկերացնել, թե որն է լինելու նրա վերջնական ցուցանիշը: Իրականում Յուրին սահմաններ չունի: Նա ֆանտաստիկ է»:

Վարդանյանը երջանիկ էր, որ Մոսկվայում կարողացավ լավ հանդես գալ ու ցույց տալ իր ամբողջ հնարավորությունները:

«Բարձրացրի այն կիլոգրամները, որոնք ցանկանում էի: Իմ երազանքն էր 400 կգ գրանցել»:

Այն, որ օլիմպիական չեմպիոն է դառնալու, Վարդանյանը չէր կասկածում նույնիսկ այն ժամանակ, երբ նոր էր փոխել քաշային կարգը: Նա երկրպագուներին խոստացել էր, որ առաջինն է լինելու Մոսկվայում ու երկամարտի արդյունքում 400 կգ է բարձրացնելու: Այն ժամանակ ռեկորդը 372,5 կգ էր, ու թեեւ քչերն էին հավատում ծանրորդին, նա կատարեց խոստումը:

«Երբեք չեմ մոռանա այս դրվագը: Երբ հրեցի 222,5 կգ, մրցումները մեկնաբանող Նիկոլայ Օզերովը մի քանի րոպե ոչինչ չէր կարողանում ասել, պարզապես լռել էր: Այդ մասին ինքն է ինձ պատմել: Այն ժամանակ պետք էր հնարավորինս քիչ էմոցիոնալ լինել եթերում: Ամբողջ դահլիճն էր կանգնած ծափահարում, երկար ժամանակ ծափերը չէին դադարում: Իսկ դահլիճից հեռանալու համար երեք ժամ պահանջվեց, այնքան շատ երկրպագուներ էին շրջափակել ինձ»:

Նա նաեւ անկեղծորեն խոստովանել է, որ հաջողության հասնելն ավելի հեշտ է, քան այն պահպանելը:

«Բայց ես իմ կարիերայի ընթացքում կարողացել եմ կրկնապատկել ու անգամ եռապատկել նվաճումներս: Ինձ համար հաղթանակների հասնելու ամենամեծ խթանը եղել է մեր ժողովրդի հավատը: Նրանք այնքան էին վստահում ինձ եւ ուրախանում հաջողություններով, որ չէի կարող հուսախաբ անել: Մարդկանց առաջ պատասխանատու լինելու զգացումն ամեն ելույթից առաջ ինձ ուժ էր տալիս: Իսկ իմ ամենամեծ մրցակիցը հենց ծանրաձողն է եղել, ես երկաթի դեմ էի պայքարում, երբ մնացած բոլոր ծանրորդները ավարտած էին լինում իրենց փորձերը»:



5 համաշխարհային ռեկորդ (պոկման 177,5 կգ, հրման՝ 215,5 ու 222,5 եւ երկամարտի 392,5 ու 400 կգ) սահմանելուց ու չեմպիոնական փայլուն ժպիտով հայ ամենաուժեղ ծանրորդը բարձրացավ օլիմպիական հարթակ:

Այդ պահն անչափ հուզիչ ու կարեւոր էր նրա հորեղբոր եւ մարզչի՝ Սերգեյ Վարդանյանի համար: Նրանք միասին էին անցել ամբողջ ուղին, ու երբ 10 տարի առաջ Յուրին նոր էր սկսել առաջին քայլերը կատարել, ավագ Վարդանյանն անգամ երազել չէր կարող այդ հաջողության մասին:

Նրանք Յուրիի բոլոր նվաճումներն Արագածի գագաթը բարձրանալով էին նշում, օլիմպիական ոսկին էլ բացառություն չեղավ:

Վարդանյանի հաղթանակի հաջորդ օրը «Սովետական սպորտում» հոդված լույս տեսավ «Ուժի հնչեղ պոեզիան» վերնագրով: Հեղինակը գրում էր.

«Դրանք սովորական մրցումներ չէին: Վեց անգամ Յուրի Վարդանյանը դուրս եկավ սպորտի պալատ, ու ամեն անգամ ծանրաձողը նրա զորեղ ձեռքերի մեջ «երգում էր»: 5000 երկրպագուներ հոտընկայս ծափահարում էին Վարդանյանին»:



Օլիմպիական հաղթանակից հետո Յուրի Վարդանյանին Լենինականում հանդիպել եւ նրա հետ հետաքրքիր ու բացահայտումներով լի օր է անցկացրել «Մարզիկ» ամսագիրը.

«Գույներից բաց կապույտն եմ սիրում, եղանակներից՝ ձմեռը, երբ մեծ փաթիլներով ձյուն է գալիս, մրգերից՝ նուռը, ճաշերից էլ՝ մայրիկիս տոլման: Միշտ հիշում եմ քիմիայիս ուսուցչուհու այս խոսքը՝ «Ջահելը չպետք է հուսահատվի, ջահելը միշտ պետք է հաղթի»: Մի խոսք էլ կա, որը շատ եմ սիրում. «Ով ուզում է աշխատել՝ միջոց է գտնում, ով չի ուզում՝ պատճառ»: Դրանք են իմ նշանաբանները: Իսկ ծանրաձողը մինչեւ մտքովս չբարձրացնեմ, ձեռքով չեմ փորձի: Այն օրերին, որ չեմ մարզվում, մարմինս եռ է գալիս, ամեն մկանս պետք է աշխատի: Երբ մարդկանց եմ հանդիպում, նրանց մարմնի բոլոր թերությունները տեսնում եմ, բոլորն էլ պետք է սպորտով զբաղվեն»:



Ծանրորդը մեծ ոգեւորությամբ պատրաստվում էր նաեւ 1984-ի Լոս Անջելեսի խաղերին, սակայն ԽՍՀՄ-ը բոյկոտեց դրանք ու չմասնակցեց:

«Չեք պատկերացնի, թե որքան ցավալի էր ինձ համար: Երբ Սպորտկոմիտեի նախագահ Գրամովը պաշտոնական մամուլի ասուլիս ունեցավ ԱԳՆ-ում ու հայտնեց, որ սովետական թիմը չի մասնակցելու խաղերին, նա, չգիտես ինչու, բոլոր մարզիկներից հենց ինձ էր ընտրել, որ իր կողքին նստեմ: Ես ասուլիսի ժամանակ մի բառ անգամ չասացի, բայց Գրամովը խոսելիս անընդհատ իմ կողմն էր նայում ու գլխով անում, ասես որոշում կայացնողը ես էի եղել: Փոխարենը նրանք կազմակերպեցին Բարեկամություն-84 խաղերը, ես կրկին 5 ռեկորդ սահմանեցի ու երկամարտում գրանցեցի 405 կգ: Չնայած Բուլղարիայում հաղթեցի նրանց սիրելի Զլատեւին, դահլիճը Մոսկվայից ոչ պակաս ջերմ ողջունեց ինձ»:



Չնայած Յուրի Վարդանյանը օլիմպիական միայն 1 ոսկով բավարարվեց, նա փառահեղ սպորտային ուղի անցավ, նվաճեց Աշխարհի առաջնության 7 ու Եվրոպայի 5 ոսկե մեդալ, սահմանեց 43 համաշխարհային ռեկորդ, հազարավոր մարդկանց սիրելին ու կուռքը դարձավ:

 

Հեղինակ՝ Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Ֆոտոլուր, ԽՍՀՄ մամուլ
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսերներ՝ Արա Թադեւոսյան, Արամ Մակարյան

 

«Մոսկվա 1980»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը Գալաքսի ընկերությունների խումբն է: