Մոսկվայի խաղերը «ներսից» տեսած օպերատոր Էդվին Գրիգորյանը
22-րդ ամառային Օլիմպիական խաղերին ամբողջ Խորհրդային միությունն էր անհամբերությամբ սպասում: Մինչ մարզիկները մի քանի տարի շարունակ իրենց տեղն էին ապահովում հավաքականներում, պատրաստվում էին նաեւ խաղերը լուսաբանող լրագրողներն ու նկարահանող խմբերը:
Մեդիամաքսին խաղերի նկարահանման աշխատանքների մասին է պատմել սպորտի վաստակավոր աշխատող, Օլիմպիական կոմիտեի «Ոսկե շղթա»-ին, Հրանտ Շահինյանի մեդալի ու Սպորտի նախարարության ոսկե մեդալի արժանացած օպերատոր Էդվին Գրիգորյանը:
Օպերատորը մոսկովյան խաղերի թոհուբոհին ներսից է ծանոթ, նկարահանել է հայ մարզիկների ելույթներն ու նրանց հետ զրուցելու հնարավորություն ունեցել:
Էդվին Գրիգորյանը պատմում է, որ Օլիմպիական խաղերից առաջ ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունը շատ հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ: Քանի որ միջոցառումը ծավալուն էր ու մեծ, առաջարկություն արվեց, որ Խորհրդային միության բոլոր հանրապետությունների հեռուստատեսությունների սպորտային խմբագրություններն իրենց ունակությունները ցույց տան ու սկսեն պատրաստվել խաղերը լուսաբանելուն:
«Այնպես ստացվեց, որ 1979 թվականից սպարտակիադան անցկացվեց նույն դահլիճներում ու մարզահրապարակներում, որոնք նախատեսված էին խաղերի համար: Դրանք տեխնիկապես հագեցված էին ու գեղեցիկ, այնպես էր արված, որ Օլիմպիական խաղերի ժամանակ լավ տպավորություն թողնեն»:
Հայկական հեռուստատեսությանը խաղերի լուսաբանմանը մասնակցելու առաջարկություն արեց ջրային մարզաձեւերի մեկնաբան, ռադիոյի սպորտային հաղորդումների գլխավոր խմբագիր Վլադիմիր Ռաշմազյանը: Նա 1940-ականներին ջրագնդակ էր պարապել ու գիտեր ջրային մարզաձեւերի միջոցառումների ժամանակ աշխատանքն ինչպես կազմակերպել:
«Ես 1966 թվականից աշխատում էի սպորտբաժնում՝ որպես օպերատոր: Հայաստանի պատվիրակությունը սկսեց պատրաստվել խաղերին ու իր թիմը հավաքել: Գլխավոր ռեժիսորն Արա Հարությունյանն էր: Մի քանի անգամ տարբեր մրցումների գնացինք, Բելառուսում «Գարնանային ծիծեռնակներ» մրցաշարի ժամանակ աշխատեցինք ու խաղերից դեռ երկու տարի առաջ փորձ ձեռք բերեցինք: Գերազանց դրսեւորեցինք մեզ, ու կենտրոնական հեռուստատեսությունը որոշեց, որ ջրացատկը հայերը պետք է հեռարձակեն: Ջրացատկի բոլոր մրցումները ծայրից ծայր ցուցադրվելու էին: Չնայած մեկ պահեստային մարզաձեւ էլ մեզ բաժին հասավ՝ ծանրամարտը»:
Հայաստանի հեռուստատեսության նկարահանող խումբը հայ ջրացատկորդների հետ առանձնահատուկ աշխատանք էր տանում: Հենց մրցավայրում էլ Գրիգորյանը որոշեց նրանց մասին ֆիլմ նկարահանել, ինչի շնորհիվ բացառիկ կադրեր են պահպանվել:
Հայաստանը ջրացատկում երկու մասնակից ուներ ու նույնքան էլ մեդալ նվաճեց: Սիրվարդ Էմիրզյանն արծաթ մեդալակիր դարձավ, իսկ Դավիթ Համբարձումյանը՝ բրոնզե: Գրիգորյանը հիշում է, որ Համբարձումյանից ակնկալիքներն ավելի շատ էին, քանի որ ավելի փորձառու էր ու արդեն երրորդ խաղերին էր մասնակցում: Սակայն 14-ամյա Էմիրզյանն իսկական բացահայտում դարձավ:
«Սիլվան դեռ դպրոցական էր, դրա համար չէին սպասում, որ այդքան հաջող հանդես կգա: Նա անսպասելիորեն մեդալ նվաճեց, այն էլ՝ արծաթե: Վերջին 2 տարվա ընթացքում շատ լավ արդյունքներ էր գրանցել ու դրա համար հավաքականում ընդգրկվեց: Քչերն էին հավատում նրա հաջողությանը:
Մրցումների ընթացքում մեկ էլ տեսա իր փոքր սրբիչը ձեռքին մի անկյունում նստած էր: Հետը մի քիչ խոսեցի, հարցրի. «Սիլվա ջան, կարո՞ղ ես մի քանի ցատկ լավ անել, որ մեդալ լինի»: Պատասխանեց, որ կարող է, բայց դժգոհեց իր մարզիչ Վասիլի Կուվշինկինից, որն իրեն անգամ մոտ չէր գալիս, որ խորհուրդ տա: Հույս հայտնեցի, որ անկախ ամեն ինչից լավ կլինի, ինքն էլ մարտական էր տրամադրված: Երբ իր անունը հայտարարեցին ու գնաց ցատկելու, անհանգստացա՝ հո իմ խոսելով չխանգարեցի՞ նրան: Բայց Սիրվարդն ամեն ինչ հիանալի արեց ու զարմացրեց իր մեդալով: Դավիթ Համբարձումյանն էլ ամեն ինչ արեց, որ բարձր տեղ գրավի»:
Թեեւ ջրացատկի ու ծանրամարտի մրցումները գրեթե նույն օրերին էին, բայց Գրիգորյանն ամեն ինչ անում էր, որ հայ մարզիկների ելույթները բաց չթողնի: Հիշում է Յուրի Սարգսյանի արծաթե մեդալն ու Յուրի Վարդանյանի ռեկորդաշատ երեկոն:
«Վարդանյանը պատրաստվում էր հրման 3-րդ մոտեցմանն ու 222,5 կգ-ով ռեկորդ սահմանելուն: Բոլորս սպասում էինք նրա ելույթին, Յուրին «Իզմայլովոյի» հարթակ դուրս գալուց առաջ ասաց, որ չնկարեմ իրեն: Սանրս խնդրեց մազերը կարգի բերելու համար: Մեր մազերն իրար պես էին՝ շատ գանգուր: Մոտեցումից առաջ մարզիչը սրբիչով մազերը խառնել էր: Սանրս միանգամից տվեցի, այդ ընթացքում ԽՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչը հարցրեց. «Յուրա, ինչ է, ելույթ չե՞ս ունենալու», մեր ծանրորդն էլ պատասխանեց. «Ծո կեցի մազերս սանրեմ, այդ ի՞նչ ես ասում»: Քաշը բարձրացնելուց հետո Յուրան բացատրեց, որ ցանկանում էր ռեկորդ սահմանելիս գեղեցիկ լինել: Մինչեւ հիմա էլ այդ սանրի մի կեսը պահում եմ, մյուս կեսը Վարդանյանին էի տվել»:
Գրիգորյանը հիշում է, որ ջրացատկի մրցումների ժամանակ անթերի են գործել, առաջին անգամ օպերատորները ապակե խցիկում էին նկարահանումներն իրականացնում: Նրանք մարզիկների հետ հայտնվում էին ջրում, հասցնում ամեն ինչ ֆիքսել, ապա նկարահանումները ջրի վրա շարունակում:
Պատմում է, որ բարդություններ էլ կային, հեշտ չէր հատկապես ռեժիսորի համար, դժվար էր անգամ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե որեւէ մեկի ցատկը չհասցնեին նկարել:
«Ջրացատկի ժամանակ մեզ գերազանց դրսեւորեցինք, ու որոշվեց, որ պետք է նաեւ օլիմպիական մարաթոնը նկարահանենք: Մեր ամբողջ խումբը՝ Գագիկ Համբարձումյան, Ֆրունզ Մկրտչյան, Բորիս Պետրոսյան, Սուրեն Մուրադյան, Ռեւիկ Բաղդասարյան, բոլոր տղաները չտեսնված աշխատանք կատարեցին նաեւ մարաթոնյան վազքի ընթացքում»:
Սպորտային միջոցառումները լուսաբանելիս շատ նրբություններ է պետք հաշվի առնել՝ ձայները, ճիշտ կադրի ընտրությունը, իրադարձության ամենակարեւոր պահերը ֆիքսելը: Գրիգորյանը խաղերից 40 տարի անց հպարտորեն ասում է, որ իրենք շատ հարցերում նորարար են եղել ու հետաքրքիր լուծումներ գտել: Նրանց շնորհիվ ջրացատկի հեռարձակումները հետագայում ավելի որակյալ են դարձել ու կիրառության մեջ են մտել իրենց մեթոդները:
Աշխատել են բրիտանական «Թոմսոն» տեխնիկայով, նախկինում եղած տեսախցիկների համեմատությամբ դրանք ավելի փոքր էին ու թեթեւ:
«Հիմա նկարահանում անելը խաղ ու պար է, մեկ ձեռքով էլ կարող ես տեսախցիկները պահել ու հեշտորեն աշխատել: Վերջինը Լոնդոնի Օլիմպիական խաղերում եմ եղել. երբ տեսա, թե 2012-ին ինչ տեխնիկա են գործածում, հասկացա, որ ամեն ինչ փոխվել է՝ որակը, աշխատելու արագությունը, գույները»:
Գրիգորյանը մինչեւ հիմա ոգեւորված է, թե որքան կազմակերպված ու գեղեցիկ էին 1980-ի խաղերը: Հատկապես մանրամասն հիշում է բացման արարողությունը: Մինչեւ վերջին պահը չեն իմացել, թե օլիմպիական կրակն ով է վառելու: Այդ պատիվը վստահվել է 1972-ի Մյունխենի խաղերի չեմպիոն, բասկետբոլիստ Ալեքսանդր Բելովին, որն ԱՄՆ-ի հետ եզրափակիչ խաղում վերջին վայրկյաններին գնդակը նետել էր զամբյուղն ու օգնել ԽՍՀՄ-ին ոսկե մեդալակիր դառնալ:
«Նա հայտնվեց ստադիոնում ու սկսեց հյուսիսային տրիբունայով, որտեղ մարդիկ էին նստած, վերեւ բարձրանալ: Մարզիկի առաջ կանաչ գիծ բացվեց, որով առաջ էր գնում: Պարզվեց՝ զինվորականներն էին հատուկ տախտակներով ուղի բացում: Բելովը դրանցով վազեց դեպի վեր ու «Լուժնիկիում» վառեց կրակը: Բոլորս շշմել էինք, թե որքան գեղեցիկ էր ամեն ինչ կազմակերպված: Միայն Հայաստանից 2000 մարդ էր գնացել բացմանը ներկա գտնվելու համար: Իսկ երբ փակման ժամանակ արջուկը ձեռքով արեց, մարդիկ սկսեցին արտասվել: Ինձ թվում է, որ 1980-ի խաղերն ամենալավն էին կազմակերպված: Գուցե այդ ամենի ներսում էի, ուղն ու ծուծով գիտեի, դրա համար եմ այդպես մտածում»:
Օլիմպիական խաղերից հետո հայ մասնագետները մեծ գնահատականի արժանացան ու շարունակեցին Մոսկվայում նկարահանել տարբեր մարզաձեւերի Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ:
Հեղինակ՝ Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էդվին Գրիգորյանի արխիվից
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսերներ՝ Արա Թադեւոսյան, Արամ Մակարյան