Յուրի Սարգսյանի «ոսկե» թռիչքն ու արծաթե մեդալը

Մոսկվայի Օլիմպիական խաղերը 18-ամյա Յուրի Սարգսյանի համար առաջին մրցումներն էին մեծահասակների պայքարում: Երիտասարդական հարթակներում փայլած եւ Աշխարհի չեմպիոն հռչակված ծանրորդը մինչեւ վերջին պահը չգիտեր, որ հենց իրեն է հնարավորություն ընձեռվելու մասնակցել 22-րդ ամառային խաղերին:

Արդեն երկար տարիներ Ավստրալիայում բնակվող Սարգսյանը Մեդիամաքսի համար վերհիշել է Օլիմպիական խաղերն ու հետաքրքիր դրվագներ պատմել:

1977 թվականին Յուրի Սարգսյանը ԽՍՀՄ երիտասարդական թիմում էր հանդես գալիս, որտեղ թեժ մրցակցություն էր ծավալվում: Նա թեեւ առաջին համարը չէր, սակայն պահպանում էր իր տեղը լավագույն եռյակում:

1979 թվականին ծանրորդը Սալոնիկում պետք է մեծահասակների Աշխարհի առաջնությանը մասնակցեր, սակայն ծնկի թեթեւ վնասվածքի պատճառով դուրս մնաց հայտացուցակից: Փոխարենը նրա համար այլընտրանքային մրցումներ կազմակերպվեցին Հայաստանում:

«Որպեսզի 7 ամսվա տանջանքս իզուր չլինի, «Սեւան» մարզական ընկերության նախագահ Ստյոպա Ղազարյանն ինձ համար հատուկ մրցումներ անցկացրեց Հոկտեմբերյանում: 11 կգ քաշ էի գցել ու ամբողջ գիշեր մարզչիս՝ Ռաֆիկ Հարությունյանի հետ արթուն մնացինք:

Ելույթ ունեցա հենց նույն օրը, երբ իմ քաշային կարգում՝ 56 կգ-ում, Աշխարհի առաջնությունում մրցակիցներս էին մասնակցում: Երեւի մեկ ժամվա տարբերությամբ հանդես եկանք: Հրումում 2 համաշխարհային ռեկորդ սահմանեցի 150 ու 152,5 կգ-ով՝ գերազանցելով 12 տարի առաջ Բուլղարիան ներկայացնող օլիմպիական չեմպիոն Նորայր Նուրիկյանի ցուցանիշը:

Աշխարհի առաջնության ժամանակ բուլղարացի Անտոն Կաջաբաշեւը պատրաստվում էր 150,5 կգ-ով ռեկորդ սահմանել, բայց մրցավարները նրան հայտնեցին, որ Հայաստանում նոր ռեկորդ է գրանցվել: Կաջաբաշեւը չկարողացավ ավելի շատ բարձրացնել, ու ռեկորդը շարունակեց ինձ պատկանել»:



 

Իր գրանցած արդյունքի շնորհիվ էլ Սարգսյանն ընդգրկվեց ԽՍՀՄ օլիմպիական թիմում, որի ամենաերիտասարդ անդամն էր: Մոտ 7 ամիս նա հավաքականի հետ Պոդոլսկում հավաքների էր մասնակցում, որոնք շատ խիստ ու փակ էին անցնում: Շփումն ընկերների ու ընտանիքի հետ սահմանափակ էր, հեռախոսազանգերն էլ՝ արգելված: Խորհրդային ծանրորդներից լավագույն արդյունքներն էին ակնկալում խաղերում:

«Պետական անվտանգության կոմիտեն մեզ հսկում էր, որ շենքից դուրս չգանք, անգամ ուտելիքը ստուգում էին, որ այլ բաներ չընդունենք, իսկ երբ հայրս եկել էր ինձ տեսնելու, թույլ չէին տվել հանդիպել: Հիմա կորոնավիրուսի պատճառով հազիվ ենք դիմանում մի քանի ամիս տանը մնալուն, իսկ մեր կրած սահմանափակումները տասնյակ անգամ խիստ էին»:

ԽՍՀՄ թիմում ընդգրկվելը դեռ չէր երաշխավորում մասնակցությունը Օլիմպիական խաղերին: Սարգսյանը լավ հասկանում էր, որ պետք է շատ ջանքեր գործադրի մրցակիցներին շրջանցելու ու տեղն ապահովելու համար: Նա էլ Օլիմպիական խաղերին մասնակցած մյուս հայերի նման պատմել է այն լրացուցիչ դժվարությունների մասին, որոնց առնչվել է:

«Նախապատվությունն առաջին հերթին ռուս մարզիկներին էին տալիս, հայերին քիչ շանս էին ընձեռում: Մինչեւ խաղերը բազայում փորձամրցում ունեցանք, ես 3 ռեկորդ սահմանեցի ու մրցակիցներիս 7,5 կգ շրջանցեցի: Անգամ այդ պայմաններում մարզիչները դեռ քննարկում էին՝ արդյոք թույլատրե՞լ ինձ մասնակցել խաղերին: Նրանց կարծիքով՝ դեռ շատ երիտասարդ էի ու բավականաչափ փորձ չունեի, մյուս կողմից էլ շրջանցել էի փորձառու ծանրորդներին: Հարցն անհավասար նժարի վրա էր դրված»:

Ստուգողական այդ ելույթի ժամանակ Սարգսյանը պոկել էր 130 կգ ու հրել 160-ը, թեեւ անձնական քաշն էլ թույլատրելիից մոտ 14 կգ-ով ավելի էր: Դրա համար ստիպված էր ծայրահեղ միջոցների դիմել, որ կարողանա նորից վերադառնալ 56 կգ քաշային կարգին:

«Միայն երեկոյան ընթրիքի ժամանակ մոտ 200 գրամ սառեցրած տավարի հում միս էի ուտում: Ամեն մարզումից հետո 2 անգամ սաունայում էի լինում, որ առավոտյան 07:30 կշռվելիս քաշս շատ չլիներ: Դա շատ կարեւոր էր իմ ապագայի ու խաղերում մասնակցության համար»:

Երիտասարդ ծանրորդի համար հոգեբանորեն դժվար էր դիմանալ խիստ ռեժիմին ու ամենօրյա լարվածությանը: Այդ հարցում նրան շատ է օգնել Յուրի Վարդանյանը: Նման փորձառու ու տիտղոսակիր թիմակցի ներկայությունը մեծ նշանակություն ուներ Սարգսյանի համար:





«Նրա հետ մեկ սենյակում քնելուց, շարժուձեւից, հոգեբանական պատրաստվածությունից ու մարզումներից շատ բան եմ սովորել: Անընդհատ միասին էինք, ու Յուրիի շնորհիվ հասկացա, թե սպորտն ինչ է: Զգում էի, որ ուժեղ եմ, բայց կարեւոր պահերին չէր ստացվում կառավարել ինձ: Չէի հասկանում, որ ֆիզիկապես ուժեղ լինելն ամենաէականը չէ:

Մի օր Յուրին ինձ ասաց. «Յուրկա (Կարեն Դեմիրճյանն է ինձ այդպես անվանել, որ տարբերի Վարդանյանից), շատ ճարպիկ ես, բայց ծանրամարտի գաղտնիքն ուժ մեջ չէ, այլ խելքի»: Բացատրեց, որ ամեն կիլոգրամը նախ պետք է մտքով բարձրացնել: Ասաց, որ ամեն անգամ նոր քաշերի մոտենալիս պետք է տրամադրվել, որ ծանրաձողից ավելի ուժեղ ես: Նա օգնեց իմ ներսի գերբնական ուժը գտնել: Յուրիին ասում էի՝ հասկացել եմ իր խորհուրդները, որ չնեղացնեմ, բայց մի քանի ամիս պահանջվեց, որ այդ ամենն ընկալեմ ու արդյունքի հասնեմ: Դրա շնորհիվ 2 ամսվա ընթացքում երկամարտիս արդյունքն ավելացրի 17,5 կգ-ով: Նույնիսկ այդ ժամանակ իմ տեղը թիմում ապահովված չէր: Մասնակցությանս մասին ինձ ամենավերջին պահին են հայտնել»:

Մրցումների օրը՝ 1980 թվականի հուլիսի 21-ին, Սարգսյանին շտապօգնության ու ոստիկանության մեքենաներով են Պոդոլսկի մարզաբազայից հասցրել «Իզմայլովո» համալիր: Վերջին 5 օրերին ավել քաշի պատճառով նա գրեթե ոչինչ չէր ուտում ու հյուծվել էր: Շտապօգնության մեքենայում ծարավին էլ չէր կարողանում դիմանալ։ Սարգսյանը հիշում է, որ մի քիչ հագենալու համար բժիշկը սրբիչի վրա ջուր կաթեցրեց, որ հպի շրթունքներին:

«Երբ հասանք մրցավայր, էլ ուժ չունեի, նույնիսկ կանգնել չկարողացա ու նստած կշռվեցի: Հետս սոլյանկա էի տարել, որը շատ էի սիրում, ու տնական հավ, կշեռքից իջնելուց հետո անմիջապես կերա:

Չէի պատկերացնում, թե Օլիմպիական խաղերն իրենցից ինչ էին ներկայացնում, մինչ այդ նույնիսկ մեծահասակների մրցումներում չէի եղել»:




 

Ապա սկսվեցին մինչեւ 56 կգ քաշային կարգի երկար սպասված մրցումները: Պոկումը Սարգսյանը 112-ից սկսեց ու միայն 2-րդ մոտեցմամբ պահեց այն, 115 կգ-ոց փորձն անհաջող էր: Առաջին վարժությունից հետո նա ընդամենը 8-րդն էր, եւ դժվար էր հավատալ, որ կկարողանա մեդալ նվաճել: Այդ նյարդային րոպեները Սարգսյանն այսպես է վերհիշում.

«Ընդմիջմանն ավագ մարզչի հետ պատշգամբ դուրս եկանք, «Ախթամար» տվեց ու ասաց, որ ծխեմ: Մինչեւ այդ ծխած չկայի ու սկսեցի հազալով փորձել: Տրամադրվեցի, որ դա ինձ հաստատ օգնելու է, միեւնույն ժամանակ էլ արտասվում էի: Մեկ էլ ուսիս ինչ-որ մեկի հարվածները զգացի. Կարեն Դեմիրճյանն էր:

Ասաց՝ արտասվելու կարիք չկա, պետք է մեկ աշխարհի ռեկորդ մեր ազգի համար սահմանեմ, երկրորդն էլ՝ իր: Խոստացավ անելու դեպքում Հայաստան վերադառնալուն պես տալ այն ամենը, ինչ կցանկանամ»:

Հրման ժամանակ Սարգսյանն ավելի վստահ ելույթ ունեցավ: Բոլոր մրցակիցներն ավարտեցին ելույթները, նոր նա պայքարի մեջ մտավ: Կուբացի Դանիել Նունյեսը 147,5 կգ գրանցեց ու ապահովեց ոսկե մեդալը: Սարգսյանը պատմում է, որ Նունյեսը սխալ թույլ տվեց, բայց դահլիճ մտած Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ներկայությունն օգնեց, որ մրցավարները քաշը հաշվեն:

Հայ ծանրորդը նախ մոտեցավ 150 կգ-ին, ապա բարձրացրեց 155 կգ-ը: Նա անձնական քաշով կուբացուց 50 գրամ ծանր էր ու չեմպիոն հռչակվելու համար պետք էր 160 կգ բարձրացնել:

«Չէի կարողանում կողմնորոշվել՝ ինչ անել, պետք էր մարզիչների հրահանգները լսել: Գիտեի, որ ինձնից արծաթե մեդալի ակնկալիքներ կային: ԽՍՀՄ-ն ու Բուլղարիան շատ մեծ մրցակցություն էին ծավալում, թե խաղերում ով առաջինը կլինի։ Եթե զիջեինք, կնշանակեր ավելի թույլ ենք: Մարզիկները միայն Օլիմպիական խաղերի չէին մասնակցում, նաեւ քաղաքական պայքարի մեջ էին ներքաշված:

Եթե հանկարծ բացթողում ունենայի, կարող էր ընտանիքս պատասխան տալ այդ ամենի համար: Ինքդ քեզ չէիր պատկանում, պարտավոր էիր անել այն, ինչ կասեին:

Ուզում էի 160 բարձրացնել ու չեմպիոն դառնալ, բայց սպասում էի մարզիչների որոշմանը: Նրանք քննարկեցին ու թույլատրեցին մոտենալ այդ քաշին: Ավագ մարզիչն ասաց, որ հաջողության դեպքում Մոսկվայի ամենաերիտասարդ օլիմպիական չեմպիոնը կդառնամ:

Իմ մարզիչ Ֆելիքս Ալիեւի խորհրդով մոտեցումից առաջ կշռաքարերին երբեք չէի նայում, կենտրոնանում էի ծանրաձողի կենտրոնի վրա:






Բարձրացրի քաշը, թեեւ ձեռքիս կապերն արձակվեցին, բայց պահեցի այն, օդ ցատկեցի ու այդ պահին ցուցատախտակին տեսա, որ 157,5 կգ էր պատվիրված եղել:

Հաջորդ օրը միայն այդ ամենից խելքի եկա ու շատ տխրեցի: Ցավալի էր ոսկին կորցնել, երբ այդքան մոտ էր ինձ»:

Այս տեսանյութում կարող եք տեսնել, որ մոտեցումն ավարտելուց հետո Յուրի Սարգսյանը խելահեղ թռիչք է կատարում, բայց հետո, ինչ-որ մի բան զգալով, հայացք է նետում ծանրաձողին եւ հասկանում, որ քաշը 160 կիլոգրամ չէր:

 

 

Առանձնակի ոգեւորությամբ նա հիշում է Հայաստան վերադարձը։ Նախ օդանավում իրեն ու Յուրի Վարդանյանին բացատրել են, թե ինչպես իջնել ինքնաթիռից, ողջունել մարդկանց ու չշտապել, որ նկարահանումը հաջող ստացվի: 


«Դեմիրճյանն ասել էր, որ ռեկորդները սահմանելու դեպքում 15 րոպեով երկրի ղեկավարն եմ լինելու ու ուզածս կստանամ: Ես էլ Էջմիածնում հրապարակի մոտ տուն ուզեցի: Դեմիրճյանը բոլոր խոստումները կատարեց, նույնիսկ գույք ու մեքենա նվիրեց:

Մեդալիս համար 10 հազար ռուբլի եմ ստացել, 2000-ը տարբեր խանութների կտրոններ էին: Ռեկորդի համար էլ 2000-ի ավել կտրոն էինք ստացել»:

«Զվարթնոց» օդանավակայանը հազարավոր մարդկանցով էր լցվել, ամբողջ Գյումրին ու Էջմիածինն էր իր հերոսներին դիմավորում: Յուրի Վարդանյանին միանգամից իր հարազատ քաղաք են տարել, իսկ Յուրի Սարգսյանն ուղեւորվել է Էջմիածին: Ամբողջ ճանապարհի երկայնքով մարդիկ դրոշակներով, մրգերով ու երաժշտությամբ ուղեկցել են նրան մինչեւ տուն:

«Մեր կոլխոզի նախագահը 3 կով էր մորթել, ու բոլորն օգտվում էին հյուրասիրությունից: Գլուխս շատ խառն էր այդ օրը, երեւի մեկ ամիս անց նոր գիտակցեցի, որ Օլիմպիական խաղերում 2-րդ տեղն եմ գրավել:

Երբ հասկացա, թե ինչի եմ հասել, շատ զարմացա, որովհետեւ աղքատ ընտանիքից էի ու շատ նեղություններ էի կրել: Ծնողներս հացի փող էլ չեն ունեցել, մեր տունն առանց տանիքի ու հատակի է եղել: Անձրեւի ժամանակ մայրիկս թաս էր դնում, որ ջուրը ցեխի չվերածվի: Քնած ժամանակ առնետներ էին վազում վրայովս:




 

Վերջին մոտեցմանը գնալիս ողջ կյանքս վերհիշեցի: Առաջինն ընտանիքիս մասին մտածեցի, իմ աղքատությունը հիշեցի ու հետո նոր՝ ազգիս:

Մարդկանց հետ զրուցելու շնորհիվ շատ բաներ քաղեցի, իմացա նրանց ապրումների ու ոգեւորության մասին, արցունքներս զսպել չէի կարողանում: Շատերն են պատմել, որ ինձ համար անհանգստանալու պատճառով հեռուստացույցը ջարդել են: Այդ ժամանակ դեռ փող չունեի, որ նրանց համար նորը գնեի ու վնասը փոխհատուցեի»:

Յուրի Սարգսյանը հետագայում եւս 2 Օլիմպիական խաղերի է մասնակցել Ավստրալիայի հավաքականի կազմում: 1996-ի Ատլանտայի ու 2000-ի Սիդնեյի խաղերում 7-րդ ու 9-րդ տեղերն է գրավել: Բայց նրա համար միշտ առանձնահատուկ նշանակություն է ունեցել մոսկովյան Օլիմպիադան ու ոչ միայն այն պատճառով, որ մեդալակիր է դարձել:

«Ամենամեծ սպորտային հիշողությունները 1980 թվականից են մնացել: Կազմակերպչական առումով ամեն ինչ հիանալի էր, սպասարկումն ամենաբարձր մակարդակի վրա էր, նման բան ես այլեւս ոչ մի տեղ չտեսա: Խավիարը մեծ տակառով դրված էր, ինչքան ուզեիր, կարող էիր օգտվել: Մարզիկներին շատ լավ էին նայում: Այնպես էր արված, որ ԱՄՆ-ն ու խաղերը բոյկոտած մյուս երկրները տեսնեն, թե ԽՍՀՄ-ը որքան հզոր է»:

 

Հեղինակ՝ Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Ֆոտոլուր
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսերներ՝ Արա Թադեւոսյան, Արամ Մակարյան

 

«Մոսկվա 1980»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը Գալաքսի ընկերությունների խումբն է: