Խորեն Հովհաննիսյանի երկու գոլն ու բրոնզե մեդալը
Մոսկվայի ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլային 32 հանդիպմանը ստադիոններում հետեւել է գրեթե երկու միլիոն երկրպագու:
Ֆուտբոլիստներն օլիմպիական մեդալների համար պայքարը սկսել են հուլիսի 20-ին ու շարունակել մինչեւ օգոստոսի 2-ը: 16 թիմ բաժանված էր չորս խմբի:
ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի կազմում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր դարձավ նաեւ Խորեն Հովհաննիսյանը:
«1979-ին Կոնստանտին Բեսկովը դարձավ ԽՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչ, ու մենք սկսեցինք ընկերական հանդիպումներ անցկացնել: Առաջինը Թբիլիսիում հանդիպեցինք Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ, որը շատ ուժեղ թիմ ուներ: Այդ խաղից էլ սկսեցի առաջին քայլերս անել դեպի Օլիմպիական խաղեր:
Քանի որ Բեսկովը Մոսկվայի «Սպարտակ»-ի մարզիչն էլ էր, թիմի կորիզը կազմում էին այնտեղի ֆուտբոլիստները, ես ու մի քանի հոգի էինք այլ ակումբներից: Շատ հետաքրքիր ու հոյակապ թիմ էր ձեւավորվել, իսկական ընտանիքի պես, ազգությունների միջեւ ոչ մի տարբերություն չկար: Մի քանի տարի անց մասնագետներն ու լրագրողները փաստեցին, որ 1980-85 թվականների այդ հավաքականը ԽՍՀՄ-ի պատմության լավագույն թիմն էր»:
ԽՍՀՄ-ին խմբային փուլում հեշտ թիմեր են բաժին ընկել՝ Վենեսուելա, Զամբիա եւ Կուբա: Լուրջ դիմադրության չհանդիպելով՝ Բեսկովի թիմը խփում է 15 գնդակ՝ սեփականն ընդունելով միայն 1-ը:
Վենեսուելայի դեմ մեկնարկային խաղում դաշտ է դուրս գալիս նաեւ Խորեն Հովհաննիսյանը: Նրա թիմը հաղթում է 4:0 հաշվով, իսկ ինքն աչքի է ընկնում 51-րդ րոպեին:
«Առաջին խաղին լարվածություն ընդհանրապես չէի զգում, ամբողջ թիմով մերվել էինք արդեն, հասկանում էինք իրար ու լավ էինք համագործակցում: Լավ գոլ ստացվեց, ինչի համար ես շատ ուրախ էի: Բայց խաղային դրվագներից մեկում գլխիս հարված ստացա, իսկ երբ բազա գնացինք, բժիշկները ստուգեցին ու ասացին, որ թեթեւ ցնցում ունեմ: Մի քիչ գլխացավեր կային, սրտխառնոց, սակայն դա չէր խանգարում ինձ հետագայում մարզվել»:
ԽՍՀՄ թիմը քառորդ եզրափակչում 2:1 հաշվով հաղթում է Քուվեյթին ու պատրաստվում կիսաեզրափակչի դիմակայությանը, որը պետք է անցկացներ անչափ ուժեղ ընտրանի ունեցող Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության դեմ: Ամբողջ Խորհրդային միությունն էր միայն հաղթանակի սպասում, առաջադրանքը հստակ էր՝ սեփական հարկի տակ դառնալ միայն ոսկե մեդալակիր: Սակայն գերմանացիները լրիվ այլ սցենար են պատրաստած եղել ու հաղթել են 1:0 հաշվով: Նրանք իսկական պաշտպանական պատ են ստեղծել, որն այդպես էլ չի թողել խոցել իրեն:
«Դեռ խաղերին պատրաստվելիս մենք տրամադրված էինք միայն չեմպիոնության, ամեն ինչ դրան էր տանում, բայց հանդիպեցինք ուժեղ մրցակցի: Ես նույն սենյակում մնում էի Ֆյոդոր Չերենկովի հետ, այդ օրն ասաց. «Խորիկ, օլիմպիական չեմպիոն կդառնանք»: Պատասխանեցի, թե Ֆեդյա, արի սպասենք այս խաղի ավարտին: Գերմանացիների դեմ այդպես էլ ես խաղալու հնարավորություն չստացա, բայց թիմակիցներս շատ լավ էին գործում, 90 րոպե անընդհատ գրոհում էին, իսկ արդյունքում մրցակիցը պատահական գոլ խփեց ու հաղթեց: Հանդերձարանում բոլորս լուռ էինք, տխուր, այդպես էլ ոչինչ չխոսեցինք»:
ԽՍՀՄ ղեկավարներն այնքան էին վստահ եղել ֆուտբոլի հավաքականի հաղթանակին, որ նույնիսկ խոստացել էին, թե ինչ պարգեւատրումներ են անելու. բոլոր ֆուտբոլիստներին՝ վաստակավոր մարզիկների կոչում, խաղերի ավարտից հետո նրանց էին տալու Օլիմպիական խաղերի անձնակազմին սպասարկող Մերսեդես մեքենաները: Այս ամենին նրանք, իհարկե, այդպես էլ չարժանացան, չնայած այլ պարգեւատրումներ եղան:
«Հուսահատությունը քիչ տեւեց, որովհետեւ մեզ սպասվում էր 3-րդ տեղի համար հանդիպումը: Բեսկովը շատ խելացի մարզիչ էր, նրա օգնականները՝ եւս, շատ ճիշտ աշխատանք կատարեցին մեզ հետ: Իսկ թիմի պետը նաեւ մանկավարժ էր, զրուցեց բոլորիս հետ, հոգեբանորեն տրամադրեց, ու հասկացանք, որ պետք է վերջին խաղում հաղթանակ տանենք»:
Օգոստոսի 1-ին Մոսկվայի «Դինամո» ստադիոնում օլիմպիական բրոնզե մեդալի համար պայքարում խաղադաշտ են դուրս գալիս ԽՍՀՄ-ի եւ Հարավսլավիայի հավաքականները: Առաջին կեսում հարավսլավացիներին հաջողվել է անընդհատ հարձակվել, իսկ ԽՍՀՄ-ի ֆուտբոլիստներին՝ մտածել միայն պաշտպանության մասին:
«Այդ խաղում ինձ ասացին, որ չեմ վերականգնվել եւ կրկին հիմնական կազմում չընդգրկեցին: Առաջին կեսից հետո հաշիվը 0:0 էր, երբ բժիշկը մոտեցավ ինձ ու ասաց, որ պատրաստվեմ, մտնելու եմ դաշտ: Փոխարինեցի Վալերի Գազաեւին, իսկ րոպեներ անց, հաղթելով օդային պայքարում, գլխի հարվածով գոլի հեղինակ դարձա: Մասնակցություն ունեցա նաեւ մեր թիմի երկրորդ արդյունավետ գրոհին, փոխանցում կատարեցի Սերգեյ Անդրեեւին, որն էլ խփեց երկրորդ գոլը»:
ԽՍՀՄ-ը դառնում է օլիմպիական բրոնզե մեդալակիր, արծաթը բաժին է հասնում ԳԴՀ-ին, իսկ չեմպիոնի կոչումը նվաճում է Չեխոսլովակիան: Պարգեւատրումը կատարում են «Լուժնիկի» ստադիոնում:
«Մարզադաշտը լեփ-լեցուն էր: Նախ հանձնեցին երրորդ տեղի մեդալները, որի ժամանակ երկրպագուներից որոշները սկսեցին սուլել, որովհետեւ նրանք մեզնից միայն ոսկե մեդալներ էին սպասում: Երբ հայտնեցին իմ անունը, ժողովուրդը սկսեց ուժեղ ծափահարել, տղաներն ասացին, թե տեսա՞ր, քո ժամանակ միայն ծափահարություններ հնչեցին: Հաճելի էր, որ իմ կատարած աշխատանքը գնահատվում էր հատկապես երկրպագուների կողմից»:
Չնայած թիմի մարզիչն այդպես էլ գոհ չի մնում բրոնզից, քանի որ միայն ոսկու էր պատրաստվել, սակայն ֆուտբոլիստներն ուրախանում են նաեւ դրա համար: Չէ՞ որ օլիմպիական ցանկացած մեդալ էլ բարձր նվաճում է յուրաքանչյուր մարզիկի համար:
Հայաստան վերադառնալուց հետո մարզիկներին ընդունել է Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը: Խորեն Հովհաննիսյանը դրան չի մասնակցել, քանի որ խաղերից հետո ֆուտբոլի թիմը շարունակել է մարզվել ու նաեւ ընկերական հանդիպումների մասնակցել:
«Օլիմպիական խաղերի իմ թիմակիցների ու ընկերների հետ մինչեւ այսօր էլ շփվում եմ, երբեմն հանդիպում ենք, միասին ֆուտբոլ խաղում կամ էլ ընկերական հանդիպումների մասնակցում: Ես այն ժամանակ չեմ հասկացել իմ կատարած աշխատանքը, հիմա, որ արդեն տարիների հեռվից եմ նայում, նոր եմ գիտակցում: Իհարկե, գոհ եմ, որ արել եմ ամեն ինչ իմ ժողովրդի համար, մեծ պատասխանատվությամբ եմ խաղացել: Միշտ ձգտել եմ հնարավորինս օգտակար լինել Հայաստանին, հուսամ՝ աշխատանքս վատ չեմ կատարել»:
Հեղինակ՝ Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Ֆոտոլուր, այլ աղբյուրներ
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսերներ՝ Արա Թադեւոսյան, Արամ Մակարյան